Պուտինի ինքնաթիռը G20-ի ճանապարհին ստիպված է եղել 500 կմ ավելի թռչել՝ ՆԱՏՕ-ի երկրների վրայով չանցնելու համար. Reuters
Ինքնաթիռը, որով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղևորվել է Համբուրգում G20 գագաթնաժողովին, ստիպված է եղել 500 կմ ավելի թռչել՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների օդային տարածքով չանցնելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ FlightRadar24-ին հղումով:
Նշվում է, որ պորտալը հրապարակել է Պուտինի Իլ-96 ինքնաթիռի թռիչքի քարտեզը, որում երևում է, որ նախագահական օդանավը Բելառուսի ու Լեհաստանի վրայով անցնելու փոխարեն՝ թռել է Ֆինլանդիայի և Շվեդիայի չեզոք օդային տարածքներով, հետո անցել Դանիայի ու Գերմանիայի վրայով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, գագաթնաժողովի առաջին օրը տեղի է ունեցել միջազգային քաղաքականության ամենասպասված պահերից մեկը. Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնադ Թրամփն ու Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հանդիպել են: Նրանց առաջին հանդիպումը Համբուրգում նախատեսված կես ժամի փոխարեն 2 ժամ 20 րոպե է տևել:
Հանդիպման ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների մեծ մասը Սիրիայի խնդրին են նվիրել:
Մինչդեռ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Պուտինի ու Թրամփի հանդիպումը կառուցողական էր, ու հաստատել է փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում նրանց վճռականությունը:










