Եվրախորհրդարանի կոչը ԵՄ-ին, որ դադարեցնեն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, Էրդողանին կարգի հրավիրելու նպատակով է. թուրքագետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է Թուրքիան այս օրի հասցրել, որ Եվրախորհրդարանի կոչ է անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նա նկատեց, որ Թուրքիայի հարաբերությունները ոչ միայն Եվրամիության, այլև ՆԱՏՕ, ԱՄՆ-ի հետ են լարված: «Էրդողանի թիկնապահներից կարծեմ 17-ին արգելված է մտնել Միացյալ Նահանգներ: Սա լարվածության նվազագույն դրսևորումն է»,- ասաց Չաքրյանը:
Ըստ նրա՝ դժվար թե այս կոչի հետևանքն այն լինի, որ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կասեցվեն, բայց հստակ է, որ Թուրքիան՝ իր սիրիական քաղաքականությամբ, խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ին և Եվրամիությանը: «Թուրքիան անընդհատ խնդիրներ է առաջացնում ԵՄ հետ ԱՄՆ համար, նա այս պետությունների համար խնդրահարույց երկիր է դարձել: Այս կոչը Էրդողանին կարգի հրավիրելու, զսպելու համար է արվում»,- նշեց թուրքագետը:
Նա դժվարացավ պատասխանել՝ Թուրքիայի նախագահը կարգի կհրավիրվի, թե ոչ: Բայց հակառակ դեպքում, ըստ նրա, Թուրքիան կմնա միայնակ, առանց դաշնակցի, կվատթարացնի իր հարաբերությունները բոլոր առանցքային պետությունների հետ: «Իսկ Թուրքիան բոլորի հետ խնդիրներ ունի, նույնիսկ՝ Եգիպտոսի, որի հետ սահման անգամ չունի»,- հավելեց Հակոբ Չաքրյանը:










