Վրաստանում ևս քթի պլաստիկ վիրահատությունն ամենապահանջվածն է. վրացի պլաստիկ վիրաբույժ

16:50 • 09.07.17

Վրաստանում պլաստիկ վիրաբուժությունը, կարծում եմ, նույնքան է պահանջված, որքան Հայաստանում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վրացի պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Կուզանովը:

Նա նշեց, որ պլաստիկ վիրահատությունները աշխարհով մեկ պոպուլյար են դարձել ու բնականաբար չեն շրջանցում նաև Հայաստանն ու Վրաստանը: «Բնակչությունը հետաքրքրված է պլաստիկ վիրահատություններով, որովհետև դրանք դարձել են շատ մատչելի, հասանելի ու պոպուլյար»,- ասաց Կուզանովը:

Ըստ նրա՝ Վրաստանում բանկերը տալիս են նաև վարկեր պլաստիկ վիրահատություններ կատարելու համար, ուստի բնակչությունը ավելի հեշտ է կարողանում օգտվել դրանցից:

Ալեքսանդր Կուզանովը նշեց, որ Վրաստանում պլաստիկ վիրահատությունների են դիմում ոչ միայն կանայք, այլև՝ տղամարդիկ: «65-ից 70 տոկոսն, իհարկե, կանայք են, բայց տղամարդիկ ևս շատ են գալիս պլաստիկ վիրահատությունների»,- ասաց նա:

Վրաստանում էլ, ինչպես Հայաստանում, ամենապահանջված պլաստիկ վիրահատությունը  ռենոպլաստիկան է՝ քթի վիրահատությունը: «Մենք բոլորս Հարավային Կովկասից ենք, գիտեք, թե ինչ տիպի քթի կառուցվածք ունենք և բոլորը ցանկանում են եվրոպական տիպի քիթ ունենալ՝ ավելի փոքր, սա նորաձև է, ուստի գալիս են վիրահատության»,- նշեց Ալ. Կուզանովը:

Բժիշկն ասաց, որ քթի վիրահատությանը հաջորդում են մամոպլաստիկան՝ կրծքագեղձի պլաստիկան, ապա լիպոսակցիան: Կան վիրահատության տեսակներ, որոնք, ըստ նրա, դեռևս պոպուլյար չեն Վրաստանում, ինչպիսին ազդրերի մեծացումն է, որը պոպուլյար է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, ՌԴ-ում: