ԱՄՆ-ն վերացրել է Kuwait Airways-ի չվերթներում էլեկտրոնային սարքերի անցկացման սահմանափակումները
Kuwait Airways ավիաընկերությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ ամերիկյան իշխանությունները վերացրել են ԱՄՆ ուղևորվող ավիաընկերության ինքնաթիռների սրահներում էլեկտրոնային սարքերի անցկացման սահմանափակումները, գրում է lenta.ru-ն:
«Այժմ մեր ուղևորները, որոնք Քուվեյթի միջազգային օդանավակայանից ուղևորվում են Նյու Յորքում Ջոն Քենեդիի անվան օդանավակայան, կարող են թռիչքի ընթացքում օգտվել իրենց անձնական էլեկտրոնային սարքերից»,- հայտնել է ընկերությունը:
Հուլիսի 6-ին ամերիկյան իշխանությունները չեղարկել են երկիր ուղևորվող Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռների սրահներում խոշոր էլեկտրոնային սարքերի անցկացման արգելքը, երբ Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Համադ» օդանավակայանը կատարել է անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների նոր պահանջները:
Հուլիսի 5-ին հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը վերացրել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռների համար գործող նմանատիպ արգելքը:
Հուլիսի 2-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways ավիաընկերությունը հայտնել է, որ ամերիկյան վերահսկիչ մարմինները չեղարկել են Աբու Դաբիից ԱՄՆ մեկնող օդանավերում էլեկտրոնային սարքավորումներ տեղափոխելու արգելքը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին ԱՄՆ-ն հայտարարել էր մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի 10 միջազգային օդանավակայանից չվերթների ընթացքում սրահում բջջային հեռախոսից ավելի մեծ չափի էլեկտրոնային սարքեր տեղափոխելու արգելքի մասին՝ դրանց մեջ ռումբեր թաքցնելու հնարավորության վերաբերյալ մտավախության առնչությամբ:










