Մթերողներին մոտ 2.5 մլրդ դրամի 3%-ոց վարկ կտրամադրվի, որ կարողանան գյուղտնտեսություններին անմիջապես վճարել. Ի. Առաքելյան (տեսանյութ)

16:00 • 10.07.17

Գյուղնախարարությունը կներդնի գյուղացիական տնտեսությունների և մթերողների համար վարկերի նոր համակարգեր: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին կայացած մամուլիս ասուլիսին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ մթերող ընկերությանը վարկ տրամադրելը նոր երևույթ է այս ոլորտում: Գյուղնախարարության կողմից պայմանը լինելու է այն, որ մթերողը վերցրած վարկի գումարը անմիջապես հատկացնելու է գյուղացիական տնտեսություններին:

«Բոլորս գիտենք, որ միշտ լինում են գործարաններ, որոնց  ֆինանսական միջոցները չեն ներում անմիջապես վճարել գյուղացիական տնտեսություններին: Դա մեր համար ամենակարևոր խնդիրներից մեկն է: Այս տարի պիլոտային ծրագիր կարվի քիչ գումարով: Ծրագիրը կշրջանառվի այս շաբաթ, և օգոստոս ամսին արդեն տրամադրենք այդ վարկերը. մոտ 2.5 մլրդ դրամի 3 տոկոսանոց վարկ տրամադրենք»,- նշեց Առաքելյանը:

Ըստ նրա՝ այս ծրագիրը թույլ կտա ի վերջո գյուղատնտեսության ոլորտ մտցնել մթերողների և գյուղացիների միջև պայմանագիր կնքելու մշակույթ, ինչպես նաև հնարավորություն կտա առանձնացնել այն ընկերություններին, որոնք պարտաճանաչ կլինեն մթերումների ընթացքում և կկարողանան գյուղացիներին վճարել ժամանակին: Իհարկե, նախարարությունը նախօրոք գնահատելու է մթերող ընկերությունների վարկունակությունը:

Եվս մեկ ծրագրով գյուղնախարարությունը նախատեսում է մատչելի վարկեր տրամադրել հենց  գյուղացիական տնտեսություններին: Եթե այժմ տրամադրվում է մինչև 3 մլն վարկ ցանկացած գյուղացիական տնտեսությանը, ապա նոր ծրագրով սահմանվելու է վարկի մինիմալ՝ 3 մլն և առավելագույն՝ 10 մլն դրամ շեմեր:  

«Բայց մենք մտցնելու ենք մեկ կարևոր բաղադրիչ, որը տնտեսվարողը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Եթե պետք է, մեր խորհրդատվական ընկերությունները կարող են կազմակերպել վերապատրաստում կամ այս ծրագրի ուսուցանում: Մենք ակնկալում ենք ներգրավել այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ուզում զարգացնել իրենց տնտեսությունը»,- նշեց նա:

Առաքելյանը հայտնեց, որ ընտրվելու են այն ծրագրերը, որոնցով գյուղացին կարողանա վարկը վերադարձնել և իր եկամուտը բարձրացնել:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշներին, Առաքելյանը նշեց, որ հունվար մայիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 3.5 տոկոս նվազում, որտեղ բուսաբուծությունը 16.8 տոկոսով  է նվազել, իսկ անասնապահությունը հակառակը՝ 1.3 տոկոսով աճել է: Ըստ նախարարի՝ այս ցուցանիշի հիմնական պատճառը ցուրտ, երկար ձմեռն էր:

2017 թ. նախատեսված է 3.6 տոկոս տնտեսական աճ ապահովել, և գյուղնախարարությունը, Առաքելյանի վստահեցմամբ, ամեն ինչ անելու է այս արդյունքին հասնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: