Այստեղ լսում ենք խայտառակ ընտրախախտումների մասին, բայց ապրիլից հետո ես նման բան չեմ լսել ո՛չ «Ելքից», ո՛չ «Ծառուկյան» դաշինքից. Էդուարդ Շարմազանով

15:09 • 10.07.17

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությանն արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նկատեց, որ ԿԸՀ-ն լուրջ բարեփոխումներ է իրականացրել:

«Հանձնաժողովը, ըստ իս, ապահովել է լիակատար թափանցիկություն, չի եղել մի դիմում, որին չարձագանքի: Յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ գնահատական տալիս են»,-ասաց նա:

Շարմազանովը հիշեցրեց, որ եղել են միջազգային դիտորդական առաքելություններ, որ տվել են եզրակացություններ, օրինակ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ասում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, մյուսներն էլ են վկայել, որ ընտրությունները եղել են ժողովրդավարական: 

«Իսկ այստեղ լսում ենք խայտառակ ընտրախախտումներ. ապրիլից հետո ես նման բան չեմ լսել ո՛չ «Ելքից», ո՛չ «Ծառուկյան» դաշինքից»,-նշեց նա և հավելեց, թե այսօր տեսնում է ավելի շատ ընդդիմադիր երևալու մրցավազք:

«Չի կարելի, եթե ասում եք՝ Հանրապետականը հանցագործ է և այլն, նախ պետք է կոռեկտություն ունենալ գործընկերների նկատմամբ, մենք մեզ երբեք թույլ չենք տվել նման բան անել»,-ասաց նա, ապա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն է այն ուժը, որը քաղաքական կամք դրսևորելով՝ գնաց ընտրական գործընթացների ու Ընտրական օրենսգրքի փոփոխության:

ԱԺ փոխնախագահը նաև բարեկամական խնդրանք, առաջարկ ուներ. «Դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ձեր սեփական քաղաքական կշիռն ամենևին չի ավելանում»: