Թրամփը չի հավատացել Պուտինի հավաստիացումներին, թե ՌԴ-ն չի միջամտել նախագահական ընտրություններին. Սպիտակ տան պաշտոնյա
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Րայնս Փրիբուսն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ G20 գագաթնաժողովի շրջանակում Համբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպես էլ չի հավատացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավաստիացումներին առ այն, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին։
«Դա ճիշտ չէ, նախագահը բնավ չի հավատացել Պուտինի հերքումներին», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփն ավելի վաղ հնարավոր է համարել Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին։
«Նա ենթադրում է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է այն բոլոր քայլերը, որոնց մասին մեզ ասվել էր։ Սակայն նա կարծում է, որ դրան առնչություն ունեն նաև մի շարք այլ երկրներ, ինչպես եղել է տարիներ շարունակ», - բացատրել է Փրիբուսը։
Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ համբուրգյան հանդիպման ընթացքում միայն 40 րոպե տրամադրել են տվյալ խնդրի քննարկմանը։ Նշվում է, որ իրավիճակը պարբերաբար սրվել է, երբեմն էլ Պուտինը ձայնի բարձր տոնով պահանջել է ԱՄՆ նախագահից հստակ ապացույցներ նախագահական ընտրություններին իրենց միջամտության վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքով՝ լարվածությունը ցրելու համար Թրամփը ՌԴ նախագահին առաջարկել է անցնել այլ քննարկումների՝ մասնավորապես Սիրիայում ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ ՌԴ-ն միջամտել է նախագահական ընտրությունների ընթացքին: Մինչդեռ Կրեմլն այդ պնդումները «ծիծաղելի անհեթեթություն» է անվանել:










