Ինչ շուկաների մասին է խոսում գյուղնախարարը՝ ասելով, որ շուկայում վարունգի գինը բարձր է. գյուղապետերը հակադարձում են Իգնատի Առաքելյանին
Արմավիրի մարզի Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանի համար անհասկանալի է, թե ինչ նկատի ունի գյուղնախարար Իգնատի Առաքելյանը ասելով, որ 20 դրամով չի իրացվում անորակ գյուղմթերքը, իսկ, շուկայում, օրինակ, նորմալ վարունգը բարձր գին ունի:
Tert.am-ի հետ զրույցում Արևիկի գյուղապետն ասաց.«Ինչ շուկա, Հայաստանում գյուղատնտեսական շուկա կա՞, մի հատ Մերգելյան կա, մի հատ Մեյմանդար, ու թող իմանան, որ ժողովրդից էդ «բիրիք» տանողները ինչ գներով են տանում ու ինչ գներով վաճառում»:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը երեկ անդրադառնալով Արևիկում և այլ գյուղերում անգամ 20 դրամով չիրացնելու հետևանքով զանգվածաբար աղբանոցը թափելուն, նշել էր, որ իրեն բացատրել են, որ սա վարունգի արդեն երկրորդ կամ երրորդ բերքն է՝շուկայում պահանջարկ չունեցող ու ցածր գնային արժեքով:
Ինչ վերաբերում է գյուղնախարարի «մասնագիտական բացատրությանը», ապա գյուղապետը, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք այն բավականաչափ մասնագիտական էր և արդյոք այն իրենց բավարարեց, ասաց. «Եկեք, այդ հարցերը թողնենք,ես հիմա այնքան զբաղված եմ…»:
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ գյուղացին ինքը չի վաճառում իր աճեցրած գյուղմթերքը, եթե դժգոհում է վերավաճառողներից, Արևիկի գյուղապետն ասաց, որ շատերը շուկայում կանգնելու հնարավորություն չունեն:
Արմավիրի մարզի Խորոնքի գյուղապետ Սարգիս Նահապետյանն էլ ասաց, որ գյուղը կանգնած է նույն՝ բերքի չիրացման խնդիրների առաջ: Այսինքն՝ ժամանակ առաջ 10-20 դրամով չեն կարողացել վաճառել ջերմոցային վարունգը, հիմա էլ հողի՝«կարնիշոն» տեսակի:
«Էլի չի վաճառվում, էլի՝ 30 դրամի կարգի, կարտոշկեն ա շատ դժվար վաճառվում, 60 դրամ ա իջել: Ձմերուկը 50 դրամ ա: Հույս ունենք, որ կկայունանա… չգիտեմ… էդ հարցը ես բարձրացրել եմ մարզպետարանում, մարզպետն ասաց, որ շուտով կկարգավորվեն էդ հարցերը: Ասաց՝ քանի որ ֆուռերը լրիվ զբաղված են ծիրանի արտահանմամբ, երբ վերջանա ծիրանի արտահանումը, արդեն կսկսենք կարտոշկան, կաղամբը, և գները կկայունանա»:
Ինչ վերաբերում է նույն հարցին, թե ինչու գյուղացին չի կանգնում ու վաճառում իր ապրանքը, Խորոնքի գյուղապետն ասաց. «Մի Մերգելյանի գյուղատնտեսական տոնավաճառ, մի քանի տեղ, իմ գյուղը օրական 30-40 տոննա մթերք է արտահանում, ու ամբողջ գյուղը չի կարա գա Մերգելյան շուկա»:
Ինչ վերաբերում է «Մեյմանդարին», ապա գյուղապետն ասաց.«Միակ շուկան է, էն էլ լճացած է, որովհետև վերավաճառողն էլ գալիս, իր կամքը թելադրում ա, ասում ա՝ 10 դրամ, տանեմ, չէ, վերջ: Ու ասեմ՝ ամբողջ հանրապետությունում մի հատ շուկա է գործում»:
Խորոնքի գյուղապետի խոսքով՝ 3-4 շուկայի առկայության դեպքում արդեն կլիներ մրցակցություն:










