ՀՀ վարչապետի այցից հետո շատ բարձրաձայնվեց Վրաստանի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագրի կյանքի կոչման հարցը․ Վան Բայբուրդ
Վրաստանի նախկին նախագահի ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցով նախկին խորհրդական Վան Բայբուրդի խոսքով՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև «Առևտրային միջանցքների մասին» 2011 թվականին կնքված պայմանագիրը չի գործում քաղաքական պատճառներով, և չնայած հիմա երկու կողմերը խոսում են դրա գործարկման մասին՝ դեռ բանակցությունները կշարունակվեն:
«Պայմանագիրը չէր գործում այն պատճառով, քանի որ Վրաստանը չէր ցանկանում: Այդ պայմանագիրը Վրաստանին, հնարավոր է, մի քիչ նսեմացնող էլ է․ Վրաստանը համաձայնվեց Ռուսաստանի հետ, որ այդ պայմանագրում չգրվի ռուս-վրացական սահման․ 2011 թվականին Ռուսաստանն արդեն ճանաչել էր Աբխազիան և Հարավային Օսիան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ kommersant.ru-ն հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի, Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են անցնել 2011 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչմանը:
Այդ մասին հայտնի է դարձել Պրահայում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների արդյունքում: Լրատվամիջոցին այդ մասին հայտնել է Աբաշիձեն:
Հաղորդվում է, որ Աբաշիձեն և Կարասինը պայմանավորվել են ավարտել 2011 թվականի համաձայնագրի կյանքի կոչմանն ուղղված խորհրդակցությունները և անցնել շվեյցարական SGS ընկերության հետ պայմանագրերի ստեղծմանը, որը վերահսկելու է Ռուսաստանից Վրաստան և հետադարձ ճանապարհով Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով անցնող «առևտրային միջանցքներով» ապրանքների և բեռների տեղաշարժը:
Վան Բայբուրդի խոսքով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ կնքած 2011 թվականի պայմանագիրը կյանքի կոչելու մասին մտածեց երկու պատճառով: Նախ՝ Վրաստանում կան ընդդիմադիր ուժեր, որոնք ցանկանում են, որ այդ սահմաններով բեռնատարներ անցնեն: Ըստ նրանց՝ Ռուսաստանի հետ կապը կզարգացնի երկրի տնտեսությունը:
«Բայց գլխավոր կատալիզատորը, որ այդ պայմանագրի վրա ուշադրություն հրավիրեց, ինձ թվում է, տարվա սկզբին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցն էր Թբիլիսի: Նրա այցից հետո շատ բարձրաձայնվեց այդ պայմանագրի կյանքի կոչումը: Հայաստանը չի կարող այդ պայմանագրի մասին խոսել, սակայն դրա գործելը Հայաստանի շահերից էլ է բխում»,- ասաց Վան Բայբուրդը:
Ըստ նրա՝ Վրաստանը դժվար ընտրության առջև է: Նրա համար դժվար է բացել իր ճանապարհները, երբ նրան պատկանող տարածքները ճանաչվել են Ռուսաստանի կողմից: «Վրաստանն ասում է՝ ես պայմանագիր եմ կնքել ռուսական կողմի հետ, և ըստ այդ պայմանավորվածության եմ ցանկանում բացել սահմանը,- նշեց Վան Բայբուրդը՝ նշելով, որ Ռուսաստանն է այս պահին խոչընդոտում պայմանագրի գործարկվելուն, քանի որ անընդհատ շեշտում է, որ պետք է պայմանագիրը քննարկվի նաև «աբխազական կողմի» հետ ,- Ռուսաստանից է ամեն ինչ կախված: Եթե նա ցանկանա օգնել Հայաստանին, Վրաստանին, ապա կարող է: Ժամանակին Վրաստանը Ռուսաստանի հետ այդ պայմանագիրը կնքեց, դրա շնորհիվ դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, հիմա էլ ասում է՝ գնացեք՝ Հարավային Օսիայի հետ բանակցեք»:
Վան Բայբուրդի խոսքով՝ պայմանագիրը կյանքի կոչելու շուրջ դեռ բանակցությունները կշարունակվեն, քանի որ դեռևս վերջնական համաձայնություն վիճելի տարածքների մասնակցության վերաբերյալ ձեռք չի բերվել:
«Վրացական կողմը ցանկանում է գնալ զիջումների: Եթե Ռուսաստանը մտահոգվում է վրացական կողմի տնտեսությամբ, պետք է ինքն էլ գնա զիջումների: Պայմանագիրը պետք է կյանքի կոչվի պայմանագիրը ստորագրած կողմերի կողմից»,- ասաց նա:










