Amnesty International-ը կոչ է արել հետաքննել Մոսուլի խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունները

12:20 • 11.07.17

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի ազատագրման համար տարված մարտերի ընթացքում քաղաքի խաղաղ բնակիչների դեմ իրականացված հանցագործությունների հետաքննություն իրականացնել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Երկուշաբթի Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին պաշտոնապես հայտարարել է Մոսուլում ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին:


«Անհրաժեշտ է անմիջապես անկախ հանձնաժողով ստեղծել, որը կերաշխավորի դեպքերի հետաքննության անցկացում, որոնց առնչությամբ կան միջազգային իրավունքի խախտումների վստահելի ապացույցներ, ինչպես նաև՝ դրա արդյունքների հրապարակումը»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:


Իրաքի կառավարական ուժերը և ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան, իրավապաշտպանների տվյալներով, անցկացրել են քաղաքում «հակաօրինական հարձակումների շարք»: Ինչպես պնդում են կազմակերպությունում, իշխանամետ ուժերը կիրառել են «պայթուցիկ սարքեր և ոչ ճշգրիտ զենք», և ենթադրաբար կիրառել են ոչ համաչափ ուժ:


«Իրաքի և կոալիցիայի ուժերն անհրաժեշտ միջոցներ չեն կիրառել խաղաղ քաղաքացիների պաշտպանության համար, դրա փոխարեն՝ նրանց ենթարկել են զենքի սարսափելի ազդեցության, որը երբեք չպետք է կիրառել խիտ բնակեցված բնակելի շրջաններում»,- հայտարարել են իրավապաշտպանները: