ԵՊՀ-ում վարչական ապարատի վերանայման կարիք չեմ տեսնում. Արամ Սիմոնյան
Երևանի պետական համալսարանում վարչական ապարատի վերանայման կարիք առանձնապես չեմ տեսնում, նախարարի շրջաբերականն ավելի շատ մնացած ԲՈւՀ-երին է վերաբերում: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Խոսքը պրոռեկտորների թվի մասին, որը մեզ մոտ նվազագույն քանակությունն է՝ ԵՊՀ-ում 4 պրոռեկտոր կա: Դրանից քիչ ընդհանրապես չի լինում»,- նշեց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարեց, թե շրջաբերական է ուղարկել բոլոր համալսարանների ռեկտորներին և առաջարկել վերանայել վարչական ապարատը:
ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով վարչական ապարատի մյուս աշխատողների կրճատման հարցին, նշեց, որ նրանց թիվը նույնպես նվազագույնի հասցված:
«Վարչական ապարատի կրճատման խնդիրը մեզ մոտ սրությամբ դրված չէ: Առանձին դեպքեր լինում են, երբ որ նոր ստորաբաժանումներ են բացվում կամ հները փակվում են, և լինում են կրճատումներ կամ ավելացումներ: Դա դինամիկ պրոցես է, որը ԲՈւՀ-ում միշտ էլ տեղի է ունենում»,- հայտնեց նա:
Հարցին, թե ինչի հետ է կապված ԿԳ նախարարի հանձնարարականը, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, երևի, կան հաստատություններ, որտեղ սահմանափակումների կարիք կա: ԵՊՀ-ում քաղաքականությունը մշտապես տարվում է այնպես, որպեսզի վարչական ապարատը ընդհանրապես չծանրաբեռնենք»:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նշել էր, որ վարչական ապարատի կրճատման կարիք կա. «Ընդհանուր ուսանողների թիվը կրճատվում է, հետևաբար պետք է նաև կրճատվի վարչական ապարատը: Մեր եկամուտների աղբյուրը ուսման վարձերն են, և բնականաբար պետք է օպտիմալացնել, որ ռիսկեր չպարունակի»։










