Ժամանակն է՝ Բելառուսը հայտարարի իր մասին. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետությունը պետք է մեծացնի իր դերը միջազգային քաղաքականությունում, ժամանակն է, որ «հայտարարի իր մասին համաշխարհային ասպարեզում», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այժմ կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել միջազգային ասպարեզում մեր գործունեության առաջնահերթ խնդիրների որոշման և լուծման վրա.. առաջին ուղղությունը համաշխարհային քաղաքականությունում Բելառուսի դերի մեծացումն է: Մենք ունենք դրա համար բոլոր հիմքերը»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում Բելառուսի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցությանը:
Նա հայտարարել է, որ «բելառուսական պետության զարգացման ժամանակակից փուլը պահանջում է կառուցել մեր արտաքին քաղաքական և տնտեսական գործունեությունը նոր ձևով՝ ավելի մասշտաբային և հարձակողական»: «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ մենք պետք է հայտարարենք մեր մասին համաշխարհային ասպարեզում: Ավելի ակտիվ առաջ տանել և պաշտպանել մեր ազգային շահերը»,- ընդգծել է Բելառուսի առաջնորդը:
Նա նշել է, որ դա հարկավոր է ոչ թե «ինչ-որ ամբիցիաների բավարարման», այլ երկրի քաղաքական և տնտեսական ինքնիշխանության ամրապնդման համար:










