Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստման համար դատապարտված անձը խնդրել է նախագահին ներում շնորհել իրեն
Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինը, ով 2013 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստման համար, նախագահին խնդրել է ներում շնորհել իրեն: Այդ մասին «Коммерсантъ»-ին պատմել է նրա կինը՝ Մարինա Պյանզինան:
Դատապարտյալը որոշել է անձամբ դիմել Պուտինին, քանի որ «հանցագործությունն ուղղված էր անմիջականորեն նրա դեմ»: Պյանզինը պատմել է, որ նրան վատ բան չէր ցանկանում, իսկ դավադրության մասնակից պատահաբար է դարձել՝ հայտնվելով իր ընկերների ազդեցության տակ:
Միջնորդությունը ներկայացվել է խիստ ռեժիմի կալանավայրի ղեկավարությանը դեռ մայիսին, երկու ամիս պահանջվել է ստուգումների և հայտարարությունը հաստատելու համար:
Հիշեցնենք, որ Իլյա Պյանզինը Եգիպտոսւմ ծանոթացել էր Չեչնիայից երկու ներգաղթյալների հետ, որոնցից մեկը, ինչպես պարզվել է ավելի ուշ, ՌԴ-ում արգելված «Իմարաթ Կավկազ» ահաբեկչական կազմակերպության անդամ էր և հետախուզման մեջ էր Մոսկվայում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դեմ մահափորձի նախապատրաստման համար:
2012 թվականին հունվարին, երբ նրանք տեղափոխվել են Ուկրաինա, նրանցից մեկի ձեռքում ինքնաշեն ռումբ է պայթել: Նա մահացել է, իսկ Պյանզինը վիրավորվել, և բուժումից հետո արտահանձնվել է Ռուսաստան:










