«Ի՞նչ կանեիք, եթե ժամանակը հետ տայինք», «նույնը կանեի». Շուշանիկ Բախշյանի պատասխանը Մերի Մարգարյանի ամուսնուն

12:32 • 11.07.17

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։

Դատական նիստին ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը պատասխանեց դատավարության կողմերի հարցերին: Մերի Մարգարյանի ամուսինը՝ Արթուր Հարությունյանը հարցրեց, թե քանի անգամ է ինքը հիվանդասենյակ կանչել Շուշանիկ Բախշյանին։ Վերջինս պատասխանեց, որ ընդամենը մեկ անգամ, որից 10-12 րոպե անց ինքը մոտեցել է հիվանդին:

«40 րոպե անց չեք եկե՞լ»,- հարցրեց տուժողի իրավահաջորդ  ճանաչված Արթուր Հարությունյանը: Ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:

Մերի Մարգարյանի ամուսնու հարցին, թե 2015 թվականի հուլիսի 27-ին, ըստ Բախշյանի, ինքն ի՞նչ չի արել.«Կամ, եթե հետ տայինք ժամանակը, ապա ինչ կանեիք»:

«Նույնը, նույնը կանեի: Ուղղակի շաբաթ ու կիրակի օրերին կգնայի հիվանդանոց, բայց տակտիկական ոչ մի փոփոխություն չէր լինի»,- ասաց Բախշյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին, թե իր ունեցած չորս ամյա կրթությունն ու վեց ամսվա մանկաբարձական փորձն իրեն իրավունք տալիս էր նան հղիություն վարել, Բախշյանը նկատեց.«Մամուլի համար հարցեր մի տվեք: Նախ, ես ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, և ոչ պետական բուհ չեմ ավարտել: Մի քիչ գոնե խորանայիք և տեսնեիք, որ այն ժամանակ, երբ ես սովորել եմ, չորսամյա կրթություն չկար: Կրթությունը յոթամյա էր: Բացի այդ, իմ ունեցած փաստաթղթերն ու վկայականները ինձ թույլ են տալիս զբաղվել իմ գործով»։

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: 

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): 

Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: