ԱՄՆ-ում կացինով զինված տղամարդը ռադիոկայանի մոտ պահանջել է կացնի մասին երգ միացնել

18:42 • 11.07.17

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում տեղակայված Kiss 108 ռադիոկայանի օֆիսի մոտ կացինով զինված տղամարդ է հայտնվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:

Ականատեսների և ռադիոկայանի աշխատակիցների խոսքով՝ 38-ամյա ամերիկացին պահանջել է, որ հաղորդավարները հեռարձակեն Insane Clown Posse խմբի My Axe («Իմ կացինը») երգը: Սակայն նրա խնդրանքը չի իրականացվել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները կասկածյալին հայտնաբերել են ավտոկայանատեղում կայանած նրա ավտոմեքենայի մեջ: Տեսնելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը սկսել է թափահարել կացինը: Ոստիկաններն ապարդյուն փորձել են հանգստացնել նրան էլեկտրոշոկերի միջոցով:

Որոշ ժամանակ անց կասկածյալը հանձնվել է ոստիկանությանը: Նրա ձեռքերի վրա մի քանի վնասվածք է եղել, որոնք ինքը հասցրել է իրեն:

Նշվում է, որ ամերիկացին կուղարկվի հոգեբուժական փորձաքննության: