ԱՄՆ-ում դպրոցականը պատահաբար իմացել է Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարը և նրանից հարցազրույց վերցրել

05:18 • 11.07.17

Ամերիկացի դպրոցական Թեդի Ֆիշերը փոքրիկ դետալների հանդեպ իր ուշադրության արդյունքում կարողացել է պարզել ԱՄՆ Պաշտպանության նախարարի հեռախոսահամարը, հաղորդում է New York Post-ը:


Միջնակարգ դպրոցում սովորող Ֆիշերը, ով հետաքրքրվում է արտաքին քաղաքականությամբ, The Washington Post-ի մայիսի 11-ին արված հոդվածը կարդալիս նկատել է, որ Ջեյմս Մատիսի լուսանկարում, որտեղ կողքին կանգնած է նաև նրա թիկնապահը՝ թղթապանակը ձեռքին, երևում է նրա հեռախոսահամարը:


Լուսանկարը մեծացրած և թղթապանակի վրայի համարը գրանցած պատանին հաղորդագրություն է ուղարկել Մատիսին, որ շատ կցանկանար հարցազրույց վերցնել վերջինից:


Ի զարմանս Ֆիշերի՝ Պենտագոնի նախարարը համաձայնվել է, և որ ավելի ուշագրավ է, դպրոցականին տված հարցազրույցը տևել է ուղիղ 45 րոպե:


Հարցազրույցի ընթացքում Մատիսը մասնավորապես կարծիք է հայտնել, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման ավելի լավ կկատարեր իր առջև դրված պարտականությունները, եթե ավելի հաճախ լսեր իր Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խորհուրդները:

Մատիսը նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է արդյունավետ կերպով պայքարել աշխարհում օր օրի աճող ծայրահեղականության դեմ, եթե վճարի Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ապրող յուրաքանչյուր աշակերտի ուսման համար: