Դուք իմ ամենաթանկագին էակին տարել եք ինձնից, ինչո՞ւ մահացան աղջիկս ու թոռնիկս. մահացած ծննդկանի հայրը՝ բժշկին

12:01 • 11.07.17

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Մարգարյանի հարցերին պատասխանելուց և ասելուց հետո, որ ինքը թերացումներ չի ունեցել, սակայն կան անվերահսկելի հիվանդություններ, ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը պատասխանեց նաև Մերի Մարգարյանի հոր հարցերին:

Մահացած ծննդկանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանն ասաց, որ այս ընթացքում իրեն մեկ հարց է հետաքրքրել.«Ասում եք, թե Մերի Մարգարյանը ձեզ ավելի հարազատ էր, քան մյուս հղիները, հսկել եք միշտ, և այլն, և այլն, ասում եք 5000 մարդու կյանք եք փրկել, ինձ տանջում է հետևյալ հարցը՝ ինչու մահացան Մերի Մարգարյանն ու թոռնիկս: Խնդրում եմ պատասխանեք, միթե՞ Ձեր խիղճը Ձեզ չի տանջում, միայն սուտ չասեք, եթե սուտ եք ասելու, մի պատասխանեք»:

Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանն ասաց, որ Մերի Մարգարյանի հարազատների հետ կիսում է նրանց ցավը և երկու տարվա ընթացքում միշտ իրեն հարցրել է, թե ինչ կարող էր անել, ինչ կարող էր չանել և այլն:

«Սուտ խոսելու ոչինչ չկա: Ես ձեզ հետ միասին կիսում եմ այդ ցավը և երկու տարվա ընթացքում 1000 անգամ ամեն օր քննարկել եմ, թե ինչ կարող էի անել, կամ ինչ չենք արել: Կա հիվանդության ընթացք, ելք, կա վիճակ, որտեղ ոչ մի բան կանգնեցնել հնարավոր չէ»,- ասաց ամբաստանյալը:

Վաղինակ Մարգարյանի հարցին, թե ինչու կեսարյան հատում չի արել, Բախշյանն ասաց, որ այդ դեպքում էլ իրեն այսօր կարող էին նույն հարցը տալ. «Կեսարյանի դեպքում էլ կարող էր շատ տխուր հետևանք լինել, դուք կարող էիք այդ հարցը տալ, թե ինչո՞ւ կեսարյան հատում արեցիք»:

Շուշանիկ Բախշյանն ասաց, որ կան անվերահսկելի հիվանդություններ, որոնք ունենում են տխուր ավարտներ.«Այնպես չէ, որ եկավ անցավ, հիվանդությունը ... չեմ կարող հիշել, թե իմ մեջ դեպքը քանի անգամ ենք քննարկել, որպեսզի հասկանանք, թե ինչ եղավ: Այսքանը կարող եմ ասել»:

«Դուք իմ ամենաթանկագին էակին տարել եք ինձնից»,-ասաց Վաղինակ Մարգարյանը և նկատեց, որ հիմա Բախշյանն ասում է, թե կիսում է ցավը, բայց երբևէ չի ցավակցել:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: 

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): 

Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: