Ավտոկայանատեղի միջնորդավճարը չի փոխվել, պարզապես այդ թանկ ծառայությունը վճարել է մասնավորը՝ տերմինալներ չապահովելու պատճառով. Արթուր Գևորգյան
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց բջջային կապի օպերատորներ Beeline-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարությունը, թե իրենք կապ չունեն SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիների վճարի թանկացման հետ, քանի որ միջնորդավճարի գները չեն փոխել։ Այդուհանդերձ, նա հարցադրում է անում, թե ինչո՞ւ նույն օպերատորները չեն նշել, թե ինչքան է կազմում այդ միջնորդավճարը:
«Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ բան թանկացել է, նույն կապի միջոցներն ի՞նչ է, ասո՞ւմ են, որ անվճար են այդ ծառայությունը մատուցում: Կա գործող սակագին, և, իհարկե, նրանք այդ գինը թողել են նույնությամբ, ուղղակի «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունն էր վճարում դրա փոխարեն: Այսինքն, երբ եղել է մասնավոր ընկերություն, ինքը վճարել է այդ ծառայության համար, որովհետև օրենքով ինքը պետք է վճարման միջոցներ ապահովեր, բայց քանի որ չի ապահովել, պայմանավորվածության համաձայն՝ իր եկամուտներից է վճարում կատարել»,-ասաց նա:
Արթուր Գևորգյանը շարունակեց, թե հիմա Երևանի քաղաքապետարանն ասում է, որ այդ ծառայությունը, այսինքն՝ SMS վճարումն այս արժեքն ունի, և հիմա տեղադրված են տերմինալներ, որոնց համար միջնորդավճար չի պահանջվում, օգտվեք դրանից, քանի որ օպերատորների պահանջած միջնորդավճարը թանկ ծառայություն է:
«Հիմա տերմինալներ են տեղադրել, որոնցով այդ վճարումներն անվճար է, ասում ենք՝ թանկ ծառայություն է, և դրա փոխարեն մենք այլընտրանքն ապահովում ենք, ուզում ես՝ օգտվի, չես ուզում՝ մի օգտվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս վարորդները «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից SMS ծանուցում ստացան այն մասին, որ բջջային հեռախոսով «կարմիր գծերի» վճարման դեպքում օգոստոսի 1-ից ավելի շատ գումար կգանձվի: Ըստ այդմ՝ մեկ ժամվա համար նախատեսված վճարը հեռախոսային հաղորդագրության միջոցով կատարելիս 100 դրամի փոխարեն օգոստոսի 1-ից կգանձվի 149 դրամ, որից 24.8 դրամը միջնորդավճարն է, իսկ 24.2 դրամը՝ ԱԱՀ-ն: Իսկ մեկ օրվա համար 500 դրամ մուծումը բջջային հեռախոսով կատարելու դեպքում օգոստոսի 1-ից պետք է վճարել 748 դրամ, որից 123.4 դրամն է միջնորդավճար: Կայանատեղիների համար վճարն առանց միջնորդավճարի կատարելու համար ընկերությունն առաջարկում է օգտվել տերմինալներից:
Արթուր Գևորգյանը հավելեց, թե աշխարհում SMS-ի միջոցով ավտոկայանատեղից չեն օգտվում, բացառությամբ Մոսկվայի, որտեղ ևս թանկ ծառայություն է և բնակիչներն իրենք են որոշում՝ օգտվել, թե ոչ:










