ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի գործով դատական նիստին 2 կին փորձել են 7սմ երկարությամբ ասեղ ներս տանել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դատարանի դահլիճ անգամ ընդմիջումներին մուտք ու ելք անող անձինք ենթարկվում են զննության:
Այսօրվա դատական նիստին դատական կարգադրիչները հերթական զննության ժամանակ մոտ 7 սմ երկարության ասեղ են հայտնաբերել դատական նիստին հետևող քաղաքացիներից Անահիտ Մուրադյանի մոտ:
Դատական կարգադրիչներին քաղաքացին հայտնել է, որ այդ ասեղները բաժանում են դատարանի շենքից դուրս: Դատարանի շենք արգելված իր բերելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել քաղաքացի Անահիտ Մուրադյանը և Լաուրա Զաքարյանը, ում մոտ ևս նման ասեղ է հայտնաբերվել:
Դատական կարգադրիչների կազմած արձանագրությունը փոխանցվել է ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից էլ հայտնել էին, որ հուլիսի 12-ին` դատական նիստի տեղափոխվելուց առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, համաձայն ներքին կանոնակարգի, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Արեգ Կյուրեղյանը, ում մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է:










