Թրամփի որդու և ռուս իրավաբանի հանդիպման միջնորդը եղել է Ալիևի նախկին փեսան. The Atlantic

10:53 • 12.07.17

ԱՄՆ նախագահի ավագ որդու և ռուս իրավաբանի միջև 2016թ. տեղի ունեցած հանդիպման միջնորդն ու կազմակերպիչը եղել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը, որը, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է:

Այս մասին գրում է The Atlantic-ը՝ նկատելով, որ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հայրը մտերիմ կապերի մեջ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու համարվում է անշարժ գույքի շուկայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Նշվում է, որ Արազ Աղալարովին հաճախ անվանում են «Ռուսաստանի Դոնալդ Թրամփ»:

Աղբյուրը մանրամասնում է, որ հայր ու որդի Աղալարովների կապը Թրամփի հետ ստեղծվել է 2013թ., երբ նրանց նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվել է այն ժամանակ դեռ Թրամփին պատկանող «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը:

Դրանից հետո Աղալարով-Թրամփ կապն այնքան է ամրապնդվել, որ Էմին Աղալարովն արտասահմանյան համերգներից մի քանիսը կազմակերպել է ԱՄՆ նախագահին պատկանող տարածքներում:

Աղբյուրը հիշեցնում է, որ դեռևս մարտին հեղինակավոր Forbes հանդեսը տեղեկացրել էր, որ Էմին Աղալարովը 2016թ. ընթացած նախագահական քարոզարշավի ժամանակ մշտական կապի մեջ է եղել Թրամփ ընտանիքի հետ: Նա նամակագրական կապ է պահպանել Դոնալդ Թրամփ-կրտսերի հետ, ինչի մասին խոստովանել է հարցազրույցներից մեկի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Դոնալդ Թրամփ-կրտսերը 2016թ. հունիսին Նյու Յորքում հանդիպել է ռուսական իշխանությունների հետ կապ ունեցող իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ: 

Թրամփի որդին համաձայնել էր հանդիպել ռուս իրավաբանի հետ, քանի որ իրեն խոստացել էին վարկաբեկիչ տեղեկություն տրամադրել այն ժամանակ ընթացող նախագահական մրցապայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի վերաբերյալ:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով ավագ որդու և Կրեմլի միջև հավանական կապի մասին սկանդալին, նշել է, որ որդին «բարձր կատեգորիայի մարդ է» և որ ինքը «հիացած է նրա պարզությամբ»: