«ՊՊԾ գունդը գրավողներին ծեծի ենթարկած փոխգնդապետին չպետք է թողնել ամբաստանյալների մոտ». Արա Ղարագյոզյան (տեսանյութ)
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեկնարկեց 30 րոպե ուշացմամբ:
Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանյալների և ամբաստանյալների ներկայության հայտարարեց, որ դատական նիստը 15 րոպեով ընդմիջվում է. «Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար դատարան է հրավիրվել շտապօգնության ծառայության բրիգադը»:
Նիստը մեկնարկեց 30 րոպե անց. Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արա Ղարագյոզյանը հարցրեց, թե որտեղ է գտնվում իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը:
Դատավորն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որը Արարատ Խանդոյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա, նա նիստերի դահլիճում չէ, սակայն դատարանի շենքում է՝ իր համար հատկացված տեղում:
«Հաշվի առնելով, որ իմ պաշտպանյալը խոշտանգումների է ենթարկվել, իսկ դա կատարվել ոստիկանության փոխգնդապետ Ղազարյանի կողմից, իսկ նա շարունակում է ղեկավարել ոստիկաններին, շատ հավանական է, որ նա այստեղ է, և իմ պաշտպանյալը կրկին ենթարկում է խոշտանգումների»,-ասաց Արա Ղարագյոզյանը:
Դատավորն ասաց, որ դրա վերաբերյալ քրեական գործ է հարուցված, կատարվում է նախաքննություն, և դա քննության առարկա չպիտի դառնա:
«Պիտի դառնա քննության առարկա, որովհետև մեր պաշտպանյալները ծեծի են ենթարկվել, խոշտանգումների են ենթարկվել։ Երբ Դուք եղել եք նիստերի դահլիճում, նրանց ձայները լսելի են եղել, իսկ Դուք դրան ուշադրություն չեք դարձրել: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս նիստը Դուք չեք կառավարում: Դուք կաշկանդված եք այս գործով և Դուք չեք որոշումներ կայացնողը: Դրանից բացի, երբ ամբաստանյալներին հեռացնում եք նիստերի դահլիճից, մեկ ժամով ընդմիջում եք հայտարարում, դրանք պատճառաբանված չեն, չեք հայտնում՝ ինչո՞ւ եք գնում ընդմիջման: Սա հիմք է ենթադրում, որ գնում եք այնտեղ, զանգեր եք ստանում, հետևաբար ինքնաբացարկի միջնորդություն չեմ ներկայացնում, որովհետև այդ որոշումն էլ Դուք չեք կայացնում»,-ասաց Ղարագյոզյանը:
Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ իր գործընկերը հարց է բարձրացրել, որ իր պաշտպանյալներին խոշտանգող անձը շարունակում է լինել այստեղ. «Դուք ասում եք, որ քրեական գործ կա, սակայն Դուք հասկանում եք, որ տվյալ անձն ըստ երևույթին կասկածյալի կարգավիճակ ունի, իսկ ամբաստանյալները պիտի ունենան տուժողի կարգավիճակ: Հիմա Դուք նրանց թողնում եք, որ իրար հետ մնան։ Գոնե Ղազարյանն իրավունք չունի այստեղ գտնվելու: Հիմա Դուք՝ որպես դատավոր, որը պետք է ամբողջը կարգավորի և սահմանի, հարց՝ ինչո՞ւ է Ղազարյանը շարունակում գտնվել այստեղ»:
Դատավորը հարցրեց. «Ունի՞ կասկածյալի կարգավիճակ, եթե ունի, ապա չենք թողնի»:
Լուսինե Սահակյանը հակադարձեց՝ ասելով, որ ԵՄ դատարանի որոշումներով արդեն մեղադրյալի կարգավիճակ պիտի ունենա:
Տեղից խոսեց նաև ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը , ով ասաց, որ ցանկանում է տեսնել իր ընկերոջը՝ Արայիկ Խադոյանին. «Դու ոչինչ չես որոշում, ինչ ծեծել են ընկերոջս, տեղեկություն չունեմ, բերեք Արա Խանդոյանին»:
«Մանուկյան»,-ասաց դատավորը, ինչն ամբաստանյալն ընդհատեց. «Ի՞նչ Մանուկյան, իմ անունը Պավլիկ է, ապարանցի Պավլիկ»:
«Ապարանցի Պավլիկ, նստի, ըստ հերթականության կքննենք»,-ասաց դատավորը:
Ինչ վերաբերում է դատավորին ինքնաբացարկ հայտնելուն, պաշտպանները նկատեցին, որ դատավորին ինքաբացարկ հայտնելու հարցը պետք է քննարկեն նաև իրենց պաշտպանյալների հետ։ Բացի այդ, կան բացակա ամբաստանյալներ ու պաշտպաններ։
Արտուշ Գաբրիելյանն ասաց. «Ամեն նիստին նույն հարցն է, մի պաշտպանի համար նիստն այս փուլում չի հետաձգվի»:
Այնուհետև դատավորը մեկ ժամով ընդմիջեց նիստը, սակայն ի՞նչ պատճառով, պաշտպաններին հայտնի չէր:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու և զուգորդված գործողություններ անելու համար Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Աշոտ Պետրոսյանին, Արայիկ Խանդոյանին, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին, Արմեն Լամբարյանին, Սեդրակ Նազարյանին, Կարո Եղնուկյանին, Խաչատուր Գիչյանին առաջադրվել են մեղադրանքներ ծանր հանցագործություններ կատարելու համար:










