Քաթարի իշխանությունները հայտնել են թուրքական ԶՈւ-ի ևս մի խմբի ժամանման մասին

11:11 • 12.07.17

Քաթարի իշխանությունները հայտնել են թուրքական ԶՈւ-ի ևս մի խմբի` Դոհայում գտնվող ռազմաբազաներից մեկը ժամանման մասին, գրում է РИА Новости գործակալությունը:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականների առաջին խումբը Քաթար է ժամանել հունիսի 19-ին` համատեղ զորավարժությունների նպատակով:


Քաթարում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը հայտնել է, որ ռազմաբազայում իրենց ծառայությունը կանցնեն թուրքական բանակի ցամաքային, ծովային և օդուժի շուրջ 3.000 զինվորական։

Նշենք, որ Քաթարում թուրքական ռազմաբազան կառուցվել է Քաթարի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում։ 

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: