Առաջին անգամ ՄԻՊ-ն առանձին թիրախավորել է ՔԿՀ-ներում բժշկական օգնության հարցը, ինչն աննախադեպ երևույթ է. Ս. Քրմոյան (տեսանյութ)

20:25 • 12.07.17

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարեկան հաղորդմանը, որտեղ անդրադարձ կա քրեակատարողական հիմնարկների վիճակին, ասաց, որ պաշտպանը բավականաչափ պրոֆեսիոնալ և հավասարակշռված զեկույց է ներկայացրել:

«Շատ հարցեր մենք արդեն հաշվի ենք առել, մասնավորապես բանտային բժշկության առումով խնդիրներ էին բարձրացվել, որոնց հայեցակարգային լուծումներ ենք տվել: Բացի դրանից, ամենօրյա ռեժիմով պաշտպանի գրասենյակի հետ աշխատում ենք և փորձում ենք բարձրացրած հարցերին լուծում տալ»,-ասաց նա և նշեց, որ երկու ուղղությամբ են աշխատում. առաջինը՝ ամենօրյա խնդիրների, երկրորդը՝ համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Սուրեն Քրմոյանը պարզաբանեց, որ մասնավորապես զեկույցում արձանագրված օրենսդրական խնդիրները փորձում են լուծել բանտային բժշկության ոլորտի հայեցակարգով և արդեն ընդունված որոշումներով փորձում են շտկել դատապարտված և կալանավորված անձանց առողջության խնդիրները:

«Բոլոր ոլորտներում, որտեղ բարձրացվել են հարցեր, որոնք կապված ենք քրեակատարողական համակարգի հետ, ամենօրյա ռեժիմով աշխատում ենք պաշտպանի գրասենյակի հետ»,-հավելեց նա:

Փոխնախարարը չհամաձայնեց, որ նախորդ պաշտպանի զեկույցներում ավելի սուր քննադատություններ են եղել:

«Առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանը առանձին թիրախավորել է քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման իրականացումը, որը աննախադեպ երևույթ է, և բավականաչափ խորքային վերլուծություն է կատարվել: Մենք լիահույս ենք, որ քրեակատարողական հիմնարկներում վիճակը փուլ առ փուլ լավանում է, որովհետև, օրինակ՝ այնտեղ մեծածավալ էներգախնայողության ծրագիր ենք իրականացնել. ցմահ դատապարտյալները նշում են, որ ջեռուցվում են ոչ միայն սենյակները, այլ միջանցքները, բուժծառայություններն են բարելավել: Թեպետ շատ թիրախավորվում է քրեակատարողական համակարգը, բայց, կարծում եմ, որ մենք այստեղ դրական միտում ունենք»,-ասաց նա և նշեց, որ մինչ տարեվերջ կներկայացնեն բանտային բժշկության բարեփոխումների ծրագիրը, հաջորդ տարի կներկայացնեն քրեակատարողական օրենսգիրքը։