Աղմուկ կա, բայց ադրբեջանական կոնֆետը չկա. ՍԱՊԾ խոսնակ
Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն ահազանգից անմիջապես հետո շրջայց են կատարել Վանաձորի իրացման կետերում, բայց ադրբեջանական ծագմամբ կոնֆետ չեն հայտնաբերել. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:
Նշենք, որ նախօրեին Վանաձորում ահազանգել էին, որ տեղի շուկաներից մեկում ադրբեջանական կոնֆետ է վաճառվել: Ահազանգած քաղաքացին լուսանկարել է կոնֆետի թուղթն ու տեղադրել համացանցում:
«Այսինքն՝ աղմուկը կա, բայց կոնֆետը չկա: Երբ ահազանգել է քաղաքացին, նույն օրը կես ժամ հետո մեր աշխատակիցներն այնտեղ են եղել: Որ իրացման կետը բաց է եղել, նայել են, որը ոչ՝ հաջորդ օրն են նայել։ Բայց ո՛չ մատնանշված հասցեում, ո՛չ էլ այլ կետերում այդ կոնֆետից չկա: Իհարկե, կարող է պատահմամբ սպառվել է կամ քիչ քանակի է եղել բերված, բայց շրջել ենք, և փաստացի այդ կոնֆետից չի եղել»,-ասաց նա:
Նվարդ Առաքելյանը նշեց, թե իրացնողներին էլ զգուշացրել են, որ զգոն լինեն և կոնֆետի ծագման երկիրը ստուգեն:
«Կամ անհրաժեշտ փաստաթղթերը պահանջեն, նոր հանեն վաճառքի: Հիմա նույն տրամաբանությամբ, եթե սպառողներից որևէ մեկի աչքով ընկնի, պետք է զանգի մեր թեժ գծին, որպեսզի մենք կարողանանք արագ գործողություն անել»,-ասաց նա:
Ի դեպ, նշեց, որ նույն ահազանգողն էլ փաստել է, որ կրկին շրջել է ու չի գտել նույն կոնֆետից:










