Սարատովի բնակիչը որոշել է բանտ նստել՝ թմրամոլությունից ազատվելու համար
Սարատովի բնակիչը, որը 10 դատվածություն ունի, փորձել է գողություն անել խանութից՝ բացատրելով դա այն հանգամանքով, որ ինքը ցանկանում է բանտ նստել՝ թմրանյութերից կախվածությունից ազատվելու համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռոսգվարդիայի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:
Վարչության տվյալների համաձայն՝ հանցագործությունն իրականացվել է հուլիսի 10-ի երեկոյան՝ Չեռնիշևսկու փողոցի վրա գտնվող խանութում: Կասկածյալը փորձել է խանութից դուրս բերել ավելի քան 1.7 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ երկու շիշ վիսկի, սակայն նա ձերբակալվել է տեղում, իսկ գողացված ապրանքներն առգրավվել են:
«Ոստիկանության բաժանմունք տեղափոխվելուց հետո կասկածյալը պարզաբանել է, որ վերջերս ինքը սկսել է օգտագործել «աղ» անվանումով սինթետիկ թմրանյութը: Կախվածությունից ազատվելու նպատակով նա որոշել է գողություն անել և բանտ նստել, ինչի համար էլ վերցրել է վիսկին՝ չվճարելով ապրանքի համար», - հաղորդել է Ռոսգվարդիայի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ավելի վաղ 36-ամյա տղամարդը մեկական անգամ դատապարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության և գողության համար, ինչպես նաև ութ անգամ՝ թալանի համար: Խանութում իրականացված գողության փորձի փաստով անցկացվում է ստուգում:










