Թրամփին դատի են տվել Twitter-ում օգտատերերի արգելափակման համար
Knight First Amendment ինստիտուտի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են խոսքի ազատության պաշտպանմամբ, դիմել են Մանհեթենի դաշնային դատարան՝ Twitter սոցցանցում օգտատերերի արգելափակման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հայցով, հայտնում է BBC-ն:
Հայցը ներկայացվել է սոցիալական ցանցի յոթ օգտատերերի կողմից, որոնք պնդում են, որ Թրամփը նրանց արգելափակել է իր հասցեին քննադատության պատճառով և այդկերպ խախտել ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղումը:
Ինչպես ընդգծվում է հայցում, Twitter-ում Թրամփի էջը «հանրային հարթակ է քննարկման համար», որից չի կարելի հեռացնել մարդկանց նրանց հայացքների և համոզմունքների պատճառով: Թրամփի կողմից արգելափակված օգտատերերը չեն կարող կարդալ և մեկնաբանել սոցցանցում նրա հաղորդագրությունները:
«Առաջին ուղղումը կիրառելի է ինտերնետ-ֆորումի դեպքում նույնկերպ, ինչպես կիրառելի է քաղաքային հավաքների և դպրոցական խորհուրդների բաց նիստերի դեպքում: Սպիտակ տունն անօրինական է գործում՝ բացառելով այդ քննարկումից մարդկանց պարզապես այն պատճառով, որ նրանք համաձայն չեն նախագահի հետ»,- նշված է Knight First Amendment-ի ղեկավարի հայտարարությունում:
Ինստիտուտի ներկայացուցիչները պահանջում են, որ դատարանն օգտատերերի արգելափակումը հակասահմանադրական ճանաչի, ինչպես նաև պարտավորեցնի Թրամփին հանել նրա էջի հասանելիության սահմանափակումը:










