Եղելությունները դրժող մարդը պետք է արժանապատվությունից զուրկ լինի. թուրք հրատարակիչը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «Արդարության քայլերթ» անվամբ բողոքի երթը գրանցեց բոլորի համար անսպասելի արդյունքներ. այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ազգությամբ թուրք գրող-հրապարակախոս, հրատարակիչ Զեյնել Աբիդին Քըզըկյափրաքը:
«Իր ուժերից ավելիին հասավ Ժողովրդահանրապետական կուսակցությունը: Հաղթանակ եմ ես այդ «Արդարության քայլերթը» բնութագրում»,- ասաց նա:
Նա նշեց, որ Քըլըչդարօղլուն շատ պատահականությամբ է դարձել Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, բայց նա այդպես էլ առաջնորդ չդարձավ. լիդերի հատկանիշներից զուրկ մարդ է նա:
«Շատ կասկածում եմ, որ նա քայլերթից հետո ձեռք կբերի լիդերի հատկանիշներ»,- ասաց նա:
Tert.am-ի դիտարկմանը, թե արդյոք Թուրքիան Էրդողանին այլընտրանք առաջնորդ ունի, թուրք հրատարակիչը պատասխանեց, որ իրականում ընդդիմադիր դաշտում կա խնդիր, որը չի կարողանում իրենից առաջնորդներ ստեղծել:
Tert.am-ի մյուս հարցին, թե ինչ կարծիք ունի Թուրքիայի խորհրդարանում սպասվող օրենսդրական փաթեթի ընդունման մասին, ըստ որի, պատգամավորները կհեռացվեն և վարչական տուգանքի կենթարկվեն, եթե Թուրքիայի պատմությունը վիրավորող իրադարձություններից խոսեն, Զեյնել Աբիդին Քըզըկյափրաքը պատասխանեց. «Թուրքիայում ինչ-որ բան կանխորոշելը իրոք դժվար է, բայց ես չեմ կարծում, որ նման բանը օրենքի տեսք ստանա: Ազգային շարժում կուսակցությունը, որը հեղինակն է օրենքի, ամեն անգամ սաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որ պետք է իրենք ազգային շահեր պաշտպանեն: Սակայն չեմ կարծում, որ ԱԶԿ-ը կգնա այդ քայլին, և դա օրենքի ուժ կստանա,- ասաց նա՝ նշելով, որ Թուրքիայի Հանրապետությունում չկա օրենքի մի հոդված, ըստ որի՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ասողը խնդիր կունենա,- եթե սովորական քաղաքացին չի պատժվում դրա համար, ինչո՞ւ պետք է պատգամավորը դրա համար պատժվի»:
Թուրք հրատարակիչը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին ընկալումներից, նշեց, որ անձամբ ինքը, ապրելով ցեղասպանությունը վերապրած ժողովրդի մեջ, ցանկանում է իրեն հարգել:
«Եղելությունները դրժող մարդը պետք է արժանապատվությունից զուրկ լինի: Եթե դու պետություն ես աշխարհի քաղաքակրթության մեջ, նախևառաջ հարգանքի պետք է արժանի լինես»,- ասաց նա:
Խոսելով այսօրվա Թուրքիայի մասին՝ նա նշեց, որ այսօր այնտեղ հասարակությունը փոփոխվում է և դեպի լավ է փոխվում: «Ես կարծում եմ, որ այդ փոփոխություններ լավ բանի կբերեն: Նոր սերունդը տարբերվում է հնից, և դրան ոչ միայն համացանցն է օգնում, այլ նաև՝ ճամփորդելը»,- ասաց նա:










