Արցախում վիրավորված զինծառայողների մոտ առողջության դրական դինամիկա կա, 2-ը տեղափոխվել են Երևան
Ադրբեջանական արկակոծության հետեւանքով հուլիսի 7-ին բեկորային վիրավորում ստացած զինծառայողների մոտ առողջության դրական դինամամիկա կա, նրանք երեկ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխվել են Երևան՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Ոտքի շրջանում վիրավորում ստացած զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, դժվար թե նրան Երևան տեղափոխելու անհրաժեշտություն լինի, վիճակը նորմալ է, խնդիրներ չկան բեկորային վնասվածք է»,- շեշտեց նա:
Կամավոր Խաչատրյանը մանրամասնեց, որ գլխի շրջանում վիրավորում ստացած Ռոբերտ Գասպարյանը գտնվում է հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքում:
«Նրա առողջության հետ կապված ևս դրական դինամիկա կա, վիճակը կայուն է, Երևան տեղափոխված զինծառայողներից 2-րդի մոտ բարդություններ չեն առաջացել, նա այս պահին արդեն Վերակենդանացման բաժանմունքում չէ»,- շեշտեց Կամավոր Խաչատրյանը:










