Արցախում նախագահ կընտրեն հուլիսի 19-ին՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում. թեկնածուները երկուսն են

12:32 • 13.07.17

Արցախի հանրապետության ազգային ժողովը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ երկրի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ ԱԺ հատուկ նիստում:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 և ոչ ուշ, քան 57 օր առաջ: 
Սահմանված կարգով և ժամկետներում՝ սույն թվականի հուլիսի 5-12-ը ներառյալ, Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝

 Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88»  խմբակցության կողմից),
 Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք»,  «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից):

Հաշվի առնելով Հանրապետության նախագահի ընտրության համար  Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի 2017 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին»: