«Ամբաստանյալ, խափանման միջոց կընտրեմ». ՊՊԾ գնդի գործով դատավորն այդկերպ դիմեց պաշտպանին ու հեռացավ նիստերի դահլիճից

12:04 • 13.07.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է  ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Նախքան դատական նիստի մեկնարկը դահլիճում գտնվողները ծափողջույններով ու « շնորհավոր» վանկարկումներով դիմավորեցին ամբաստանյալ Արա Մանուկյանին, ով այսօր դառնում է 23 տարեկան: Դատարանի շենքի դիմաց նաև պաստառներով քաղաքացիներ էին կանգնած, որոնց սակայն թույլ չէին տալիս պաստառներ բերել նիստերի դահլիճ:

Դատական նիստը մեկնարկեց 15 րոպե ուշացումով, սակայն դատավորն ուշացման պատճառը հայտնեց:  Նա նշեց, որ պաշտպաններից գրություն են ներկայացրել դատարան, որ մեկ այլ նիստի պատճառով չեն կարող ներկայանալ դատարան.«Սակայն ես նախապես ասել եմ, որ յուրաքանչյուր հինգշաբթի այս գործով նիստ է լինելու: Այնպես պլանավորեք, որ հաշվի առնելով գործի ծավալը, նիստերը չհետաձգենք»:
Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ ոչ բոլոր դատավորներն են, որ ընդառաջում եմ փաստաբաններին և փոխում են օրակարգը: Բացի այդ, Լուսինե Սահակյանն ասաց, որ միջնորդություն ունի ներկայացնելու:

Դատավորը չթույլատրեց, ասելով, որ այժմ թույլ չի տալիս միջնորդություն ներկայացնել, սակայն փաստաբանը շարունակեց:

«Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ձեր նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ նախազգուշացում, իսկ եթե շարունակեք այլ խափանման միջոց կընտրեմ»,-ասաց դատավորը, ինչն արժանացավ դահլիճում գտնվողների արձագանքին՝ դատավորը պաշտպանին ամբաստանյալ էր դիմում, դատական սանկցիան էլ ներկայացնում որպես խափանման միջոց:

Այնուհետև Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբանի վարքը քննելու, սակայն չհայտարարեց, թե որքան ժամանակով է լքում նիստերի դահլիճը: