Ֆրանսիացի դատավորը մահացել է իր գրքի հերոսի պես

15:50 • 13.07.17

Ֆրանսիական Լը Ման քաղաքում մահացել է գրող և նախկին դատավոր Ժան-Միշել Լամբերը: Այս մասին հայտնում է France Info-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լամբերի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 11-ին՝ նրա տան աշխատասենյակում: Գրողի գլխին պլաստիկ փաթեթ է եղել, որը փողկապով ամրացված է եղել նրա վզի շուրջ:

«Բռնի մահվան ոչ մի նշան չի հայտնաբերվել», - պարզաբանել է Լը Մանի դատախազ Ֆաբրիս Բելարժանը: Ոստիկանները նաև չեն հայտնաբերել պայքարի հետքեր:

Նշվում է, որ 65-ամյա Լամբերի մարմինը հայտնաբերել է նրա հարևանուհին, որը սկսել է փնտրել գրողին նրա կնոջ խնդրանքով. վերջինս անհանգստացել է ամուսնու հետ երկար ժամանակ կապի բացակայության պատճառով:

Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդն ինքնասպանություն է գործել: Մահվան հստակ պատճառը կբացահայտվի բժշկական փորձաքննության արդյունքում:

Քննիչների խոսքով՝ մահվան հանգամանքներն ամբողջությամբ կրկնում են Լամբերի՝ 2014 թվականին հրատարակված գրքի դրվագը: «Քանի՞ անարդարության համար եմ մեղավոր» գրքի հերոս պրոֆեսոր Շաբերն ինքնասպանություն է գործում՝ թողնելով հետևյալ գրությունը. «Ինչպե՞ս եմ կարող շարունակել իմ պայքարն անվստահության այս մթնոլորտում…»:

Հայտնի է, որ դատավոր լինելու ժամանակ Ժան-Միշել Լամբերն ավելի քան 30 տարի զբաղվել է չորս տարեկան տղայի սպանության հետաքննությամբ. երեխայի դին հայտնաբերվել է 1984 թվականին՝ գետում: Մեղավորներն այդպես էլ չեն գտնվել, ինչի համար Լամբերին հաճախ ենթարկել են քննադատության՝ նշելով, որ գործի քննության ընթացքում մի քանի սխալ է թույլ տրվել: