ՌԴ-ում ներգաղթյալներին կտուգանեն՝ ՌԴ ժամանելու նախապես նշված և իրական նպատակների անհամապատասխանության դեպքում

23:49 • 13.07.17

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն առաջարկել է փոփոխություններ սահմանել միգրացիոն օրենսդրության մեջ և խստացնել երկրում ներգաղթյալների կեցության ռեժիմի խախտման համար նախատեսված տուգանքները: 

Ինչպես հաղորդում է kommersant.ru-ն, խոսքը, մասնավորապես, ՌԴ ժամանելու նախապես նշված և իրական նպատակների անհամապատասխանության, ինչպես նաև երկրում բնակվելու ժամկետները չարաշահելու մասին է: ՆԳՆ-ն առաջարկում է խախտումների համար ֆիզիկական անձանց նկատմամբ 2000-4000 ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ 400 000-500 000 ռուբլու տուգանք սահմանել:

Ինչպես նշվում է, նախորդ տարվա ընթացքում ավելի քան 130 000 նմանօրինակ խախտումներ են գրացվել:

Գործող օրենսդրության համաձայն` ժամանման իրական նպատակը թաքցնելու համար ներգաղթյալները զրկվում են աշխատանքի թույլտվություն ստանալու հնարավորությունից:

Ի դեպ, «Քաղաքացիական աջակցություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպանի խոսքով` դեռևս պարզ չէ, թե ինչպես են պարզելու օտարերկրյա քաղաքացու ժամանակման նշված և իրական նպատակների համապատասխանությունը: