Սերգեյ Կյուրեղյանը դատարան տեղափոխվելու ժամանակ գլխի վնասվածք է ստացել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Դատական նիստը մեկ ժամով ընդմիջվել էր փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը քննելու համար: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվում՝ դիմումով դիմելով ՀՀ փաստաբանների պալատ պատասխանատվության ենթարկելու համար:
Բացի այդ, դատավորը հայտնեց, որ ուղեկցող գումարտակից դատարանին հայտնել են, որ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու ժամանակ պատահաբար գլուխը խփել է մեքենայի դռանը և գլխի վնասվածք ստացել:
Դատավորն ասաց, որ նիստերի դահլիճ բերեն ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանին, ով հեռացված է նիստերի դահլիճից և ներկայացնեն նաև կազմված արձանագրությունը:
«Կյուրեղյա՛ն, ձեր նկատմամբ բռնություն կիրառվել է, թե պատահաբար եք խփել ձեր գլուխը և վնասվածք ստացել»,-հարցրեց դատավորը:
Ամբաստանյալը պատասխանեց, որ պատահաբար է խփել, ինչին դատավորն արձագանքեց, որ այժմ կատարվում է հետաքննություն:
Կյուրեղյանին նիստերի դահլիճից հեռացնելուց հետո փաստաբան Լուսինե Սահակյանը դատավորին հարցրեց, թե ինչ հիմքով է իրեն արգելում միջնորդություն ներկայացնել:
Դատավորն ասաց, որ եթե շարունակի համապատասխան միջոցներ կձեռնարկի և կրկին ժամկետ չնշելով Արտուշ Գաբրիելյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի վարքը քննելու:
Նշենք, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար նիստերի դահլիճից հեռացված են 15 ամբաստանյալները: Դատական նիստերի դահլիճում են Թաթուլ Թամրազյանը, Հովհաննես Հարությունյանն ու Արամ Մանուկյանը:










