ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Արամ Հակոբյանի տեսակցությունների համար սահմանված  արգելքը վերացվել է

10:47 • 13.07.17

Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Արամ Հակոբյանի տեսակցությունների համար սահմանված  արգելքը վերացվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պատշպան Դավիթ Գյուրջյանը:

«Միջնորդություն եմ ներկայացրել սահմանված տեսակցությունների արգելքը վերացնելու վերաբերյալ, որը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է»,-ասաց պաշտպանը:

Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի առողջական խնդիրներ ունենալու և առաջացած խնդիրների համար ՄԻԵԴ դիմելուն, Դավիթ Գյուրջյանն ասաց.«Արամ Հակոբյանի գործով արդեն սկսել է կոմունիկացիայի փուլը:Այս պահին այսքանն է»:

Նշենք, որ  Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք: Այնուհետև, նա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով:

Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ-ի 235 հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: