Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար Դադաևը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը վարձու մարդասպան Զաուր Դադաևին դատապարտել է 20 տարվա ազատազրկման ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատախազությունը նրա համար պահանջում էր ցմահ ազատազրկում:
«Դադաևին պատիժ նշանակել խիստ հսկողության ռեժիմի կալանավայրում 20 տարվա ազատազրկման տեսքով և 100 հազար ռուբլու տուգանք»,- վճիռը հայտարարել է դատավոր Յուրի Ժիտնիկովը:
Դատարանը Դադաևին զրկել է նաև լեյտենանտի կոչումից և Արիության շքանշանից:
Դատավճիռը հիմնված է ատենակալների վճռի վրա, որոնք Դադաևին մեղավոր են ճանաչել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դադաևը 2015 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 23:31-ին, իր մոտ եղած ատրճանակից Նեմցովի ուղղությամբ արձակել է առնվազն վեց կրակոց՝ նրան հասցնելով կյանքի հետ ոչ համատեղելի մարմնական վնասվածքներ, որոնցից քաղաքական գործիչը տեղում մահացել է:










