Կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք չեմ տեսնում, տեսնում եմ, որ ավելի վարժեցրած ձևով են խոսում այդ մասին. Հ. Իգիթյան

18:53 • 13.07.17

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նշեց, որ ներկայում նոր իրավիճակ է: 

«Իմ կարծիքով՝ կարելի էր ունենալ ավելի խորը հարաբերություններ, քան կունենար Ադրբեջանը կամ Բելառուսը: Հայաստանը, նույնիսկ այսօրվա իրավիճակում՝գոնե հաշվի առնելով ՀՀԿ-ի հայտարարությունները, որդեգրել է այն մոդելը, որը ավելի համահունչ է եվրոպական զարգացած երկրներին, քան Ռուսաստանին»,-ասաց նա և նշեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է լինեին այնպես, ինչպես ընտանիքի 2 անդամ պետությունների միջև:

Ինչ վերաբերում ստորագրվելիք համագործակցության նոր համաձայնագրին, ապա Հովհաննես Իգիթյանը նշեց. «Իհարկե ոչ ոք չի կարող համոզված լինել, թե վերջին պահին ինչ կարող է լինել, քանի որ շատ բան ենք տեսել, սակայն շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար, եթե նա հետ կանգնի այս համաձայնագրից: Ես կողմնակից եմ ցանկացած համաձայնագրի, քանի որ այն հիմք է լինելու, որի վրա կարելի է ավելացնել այլ մոդելներ»:

Ամեն դեպքում նա նկատեց, որ նախորդ՝ Ասոցացման համաձայնագրից այս համաձայնագիրը բավականին թույլ է՝ հանվել են բոլոր այն կետերը, որոնք այս կամ այն ձևով կարող էին հակասության մեջ մտնելԵԱՏՄ-ի հետ կամ կարող էին դուր չգալ Ռուսաստանին:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Իգիթյանն ասաց, որ կոռուպցիայի մասին այսօր միայն ծույլը չի խոսում, և նույնիսկ իշխանությունն է խոսում:

«Բայց արդյո՞ք կոռուպցիայի իրավիճակը փոխվել է դեպի լավը մինչ օրենսդրական վերջին ակտերի ընդունումը։ Իհարկե ոչ, դուրս եկե՛ք և հարցրե՛ք մարդկանց: Հայաստանը փոքր երկիր է, և մարդը տեսնում է, թե ով է ավելի կոռումպացված, տեսնում է, որ այդ կոռումպացված մարդը ավելի է հարստանում, ավելի խորն է մտնում իշխանության ինստիտուտների մեջ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք, Իգիթյանը բացասական պատասխան տվեց։

«Ես քաղաքական կամքը չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ ավելի վարժեցրած ձևով են խոսում այդ մասին, երևի որոշ միջազգային փաստաթղթեր են կարդացել: Իրականում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար չի լինում և չի էլ կարող լինել, քանի որ իշխանության ձևավորման հիմքում դրված են կոռումպացված մարդիկ: Նայեք ռեյտինգային բոլոր պատգամավորներին, գրեթե բոլորը այս կամ այն ձևով ընդգրկված են կոռուպցիոն համակարգի մեջ: Իշխանություն ունենալու համար ՀՀԿ-ն իրենց է դիմել, և պատկերացրեք՝ հիմա ՀՀԿ-ն պետք է այդ մարդկանց դեմ պայքարի, ովքեր այսօր զգալի դեր են կատարում խորհրդարանում»,-ասաց նա: