Ճապոնիայում իրականացվել է 2016 թվականից ի վեր առաջին մահապատիժը

12:52 • 13.07.17

Հուլիսի 13-ի առավոտյան Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել երկու հանցագործ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մահապատժի են ենթարկվել 61-ամյա Մասակաձու Նիսիկավան և 34-ամյա Կոիտի Սումիդան: Առաջինը 26 տարի առաջ կողոպուտի նպատակով սպանել է գինետների չորս տիրուհիների. 2005 թվականին նա դատապարտվել է մահապատժի: Երկրորդը սպանել և մասնատել է իր նախկին գործընկերուհուն. տղամարդը մահապատժի է դատապարտվել 2013 թվականին:

Հայտնի է, որ նախորդ մահապատիժն իրականացվել է անցած տարվա նոյեմբերին: Այժմ մահապատժի է սպասում մոտ 130 մարդ: Որպես կանոն՝ մահապատիժն իրականացվում է ոչ միանգամից, այլ դատարանի որոշումից մի քանի տարի անց:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Ճապոնիային չեղարկել այս պատժամիջոցը: Դատապարտյալը կարող է տարիներով սպասել մահապատժի, սակայն իմանալ դրա մասին իրականացման օրվա առավոտյան:

Ճապոնիայում մահապատիժն իրականացվում է կախելու միջոցով: Հասարակական հարցումների համաձայն՝ երկրի բնակչության մեծամասնությունը՝ 85 տոկոսը, կողմ է մահապատժի պահպանմանը: