Ալեքսանդր Արզումանյանի մասին ասվածները ճղճիմ քննադատություններ են. Էդմոն Մարուքյան

21:06 • 13.07.17

Կարծում եմ՝ շատ լավ նշանակումներ են եղել, և՛ Լևոն Մարտիրոսյանը, և՛ Ալեքսանդր Արզումանյանը լավ դեսպաններ կարող են լինել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ալեքսանդր Արզումանյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, շատ լավ ճանաչում եմ: Վերջին 5 տարիներին միասին աշխատել ենք, և վստահ եմ, որ մեր լավագույն դեսպաններից մեկը կարող է լինել: Ինչ վերաբերում է պարոն Մարտիրոսյանին, ապա նա արտերկրում է կրթություն ստացել, Հայաստանի-Բրիտանիա խմբի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում շատ ակտիվ աշխատել է: Վստահ եմ, որ Մարտիրոսյանի պարագայում նույնպես շատ լավ նշանակում է»,- ասաց Մարուքյանը:

Դեսպանի պաշտոնը ստանձնելուց հետո Ալեքսանդր Արզումանյանը շատերի կողմից քննադատության ենթարկվեց այն  պատճառով, որ իր քաղաքական գործունեության վերջին  4-5 տարիներին անընդհատ քննադատում էր ներկայիս իշխանություններին, և հետո ընդունում է իշխանության կողմից առաջարկվող դեսպանի պաշտոնը: Այս քննադատություններին Էդմոն Մարուքյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Դրանք ճղճիմ քննադատություններ են: Պարոն Արզումանյանը ինձ համար պետական գործիչ է և որպես պետական գործիչ՝ լինելու է ՀՀ դեսպանը Դանիայում»:

Հարցին՝ եթե ապագայում հենց իրեն՝ ընդդիմադիր գործիչ Էդմոն Մարուքյանին էլ դեսպանի պաշտոն առաջարկվի, կհամաձայնի՞ այն ստանձնել, պատգամավորը պատասխանեց. «Ես ինձ չեմ տեսնում այդ ոլորտում: Եթե տեսնեի, այդ ճանապարհով կգնայի, կսովորեի դիվանագիտական դպրոցում: Ես այսպես եմ տեսնում իմ ծառայությունը պետությանը»,- նշեց նա: