ԵՊԲՀ շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում տվեցին
Այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտները Հիպոկրատի երդում տվեցին: Այս տարի երդման հանդիսավոր արարողությունն անցկացվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի բակում, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ երդումն այս տարի անցկացվում է մի շենքի բակում, որը մեր բժշկական պատմության ակունքներում է, բժշկական կադրերի դարբնոցն է ոչ միայն Հայաստանի, այլև՝ շուրջ 40 երկրների համար:
«Խորհրդանշական է, որ այս շենքում դեռևս 1914թ.-ից մեր ժողովրդի բոլոր պատմական իրադարձություններին, փորձություններին մասնակից են դարձել այստեղ աշխատող բժիշկները, այս տանիքի ներքո բուժում են ստացել Սարդարապատի հերոսները, Մեծ եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակիցները, արցախյան ազատամարտի հերոսները»,- ասաց Ա. Մուրադյանը:
Նա շրջանավարտներին հորդորեց լինել պատասխանատու և նախաձեռնող, կրկնակի անգամ պատասխանատու լինել արածի ու չարածի համար, լինել խիզախ ու չվարանել մարտնչող տգիտության առջև:
Ի դեպ, հենց այս շենքում է կառուցվում «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնը, որտեղ վիրավորներին, հաշվանդամություն ունեցող զինվորական ծառայողներին ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր, լուծվելու է նրանց զբաղվածության հարցը:
Արմեն Մուրադյանն ասաց, որ պատահական չէ, խորհրդանշական է, որ նաև հենց այս շենքում է բացվելու վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը՝ «վիրավոր զինվորի տունը»:
«Սա յուրաքանչյուր հասարակության համար հասունության հայելու պես երևույթ է: Զինվորների վերականգնողական կենտրոնը բացվելու է սեպտեմբերին: Այն հագեցված է լինելու ժամանակակից սարքերով: Հիվանդանոցում այսօր արդեն կան հնարավորություններ, որ մեր տղաները վերականգնողական բուժում անցնեն: Նրանցից շատերն արդեն սայլակներից կարողացել են կտրվել: Մեզ համար անսահման ուրախալի է, երբ նրանք մեկ աստիճան կարողանում են բարձրանալ»,- ասաց համալսարանի ռեկտորը:
Արմեն Մուրադյանն իր ելույթում ասաց, որ հասարակությունը, բժշկական հանրությունը, ուսանողությունը ստեղծում են մի կենտրոն, որը կոչված է պաշտպանների վերականգնմանը, իսկ սա ազգ-բանակի հայեցակարգի լավագույն օրինակներից մեկն է:










