Սեպտեմբերին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կբացվի վիրավորների, զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն

00:37 • 13.07.17

Այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտները Հիպոկրատի երդում տվեցին:


Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, համալսարանի շրջանավարտները, հյուրեր, դասախոսներ:


Բացի երդման արարողությունից, այսօր հայտարարվեց նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն ստեղծելու մասին: Այն կոչվելու է «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոն, որտեղ վիրավորներին, հաշվանդամություն ունեցող զինվորական ծառայողներին ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն: Իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր, լուծվելու է նրանց զբաղվածության հարցը:


Այն կառուցվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսվում է այն ավարտին հասցնել սեպտեմբերին:


Սակայն, ներկայումս արդեն վերականգնողական բուժում են ստանում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաները:


Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշվանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը, թեպետ կենտրոնը դեռ չի գործում, բայց իրենց օգնությամբ ներկայումս 17 զինհաշմանդամ ստանում է ստացիոնար բուժում, իսկ 26-ը՝ ամբուլատոր:

Ավելին, Մինասյանի խոսքով, վերականգնողական աշխատանքները, որոնք տարվում են այս պահին, արդեն գրանցել են արդյունքներ, որոնք զարմացրել են անգամ բժիշկներին: «Բժիշկներն ասում էին, որ նման բան չեն տեսել, ասացին, որ իրենց պրակտիկայում Պողոսյան Հովհաննեսը պետք է չքայլեր, որովհետև տղայի գլխի մի մասը չկա, բայց սկսում է քայլել: 9 տարի սայակով տեղաշարժվող Արկադի Մկրտչյանը սկսեց քայլել, այսօր ինքնուրույն աստիճաններն է իջնում-բարձրանում: 14 տարվա լսողություն չունեցող տղան սկսել է լսել: Սա նշանակում է, որ վերականգնողական բուժումը Հայաստանում չի դրսևորվել, իսկ դա հնարավոր է անել առանց մեծ գումարների»,- ասաց նա:


Ի դեպ, վերականգնողական բուժման մեջ գտնվող երիտասարդները ևս ներկա էին միջոցառմանը:

Հայկուհի Մինասյանը նշեց, որ կենտրոնի ստեղծման գաղափարը առաջացել է ապրիլյան պատերազմից հետո, երբ բոլորի ուշադրության կենտրոնում էին գանգուղեղի և ողնաշարի վնասվածք ստացած զինվորները, առաջացավ կարիք նրանց բուժումը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում եղած վերականգնողական կենտրոնները չունեին համապատասխան հագեցվածություն, որն անհրաժեշտ էր բուժման համար: Իսկ արտերկրում, ըստ ՀԿ նախագահի, վերականգնողական բուժումը թանկ է և որևէ պետություն չի կարող բոլոր վիրավորներին ուղարկել բուժման:


«Գերմանիայում մեկ օրվա արժեքը 3000 եվրո է, ՌԴ-ում՝ 400-ից 500 եվրո: Բայց վերականգնողական բուժումը ամիսների հարց չէ, դրա համար տարիներ են պահանջվում: Ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորում ստացած Զարգարյան Ավետիսը, ով ծանր վիրավորում էր ստացել, հրամանատարի դին էր բերել, մեկ տարուց ավել է բուժում է ստանում ու հնարավոր է 1 տարի անց սկսի քայլել»,- ասաց Հայկուհի Մինասյանը:


Նա նաև հայտնեց, որ նման կենտրոններ կլինեն հանրապետության ողջ տարածքով մեկ, առաջինը՝ Գեղարքունիք մարզում:


Նա հավաստիացրեց, որ զինհաշմանդամների համար կենտրոնում կլինեն ամենալավ պայմանները. վերականգնողական կենտրոնը բաղկացած կլինի 3 հարկից, 1-ին հարկում տեղակայված են լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները և մարզասարքերը, 2-րդ հարկում կլինեն մասնագետների սենյակները, կինեզիստի սրահը, իսկ 3-րդ հարկում՝ հիվանդասենյակները:


Բուժում անցնող տղաները հնարավորություն կունենան շփվել տարիքակից ուսանողների հետ, սպորտով զբաղվել, աշխատել հարակից սրճարանում, որը կկոչվի «Հերոսների պուրակ»: