Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում որդուն ռուս փաստաբանի հետ հանդիպելու համար

11:30 • 13.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում իր որդի Դոնալդ Թրամփ կրտսերին 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ ռուս փաստաբանի հետ հանդիպելու համար: Նա հայտարարել է նաև, որ այդ հանդիպման մասին իմացել է ընդամենը մի քանի օր առաջ, գրում է Reuters գործակալությունը:


«Ո՛չ, ես դա չգիտեի մինչև մի քանի օր առաջ, երբ լսեցի դրա մասին»,- Reuters-ին հայտնել է նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա գիտեր, որ իր որդին անցած տարվա հունիսին հանդիպել է փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ:


Համաձայն երեքշաբթի հրապարակված էլեկտրոնային նամակների՝ Թրամփ կրտսերը համաձայնել է հանդիպել կնոջը, ով, ինչպես իրեն հայտնի է դարձել, ռուս փաստաբան է, ում տրամադրության տակ հնարավոր է եղել է ընտրություններում իր հոր մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկատվություն։


Թրամփը նշել է, որ չի մեղադրում իր որդուն հանդիպման համար՝ դա համարելով ոչ ավանդական նախընտրական արշավի թեժ պահին կայացված որոշում:


«Ես կարծում եմ՝ շատերը կգնային այդ հանդիպմանը»,- ասել է Թրամփը: