Բժիշկները ստիպված են լինում իրենց պատվաբեր մասնագիտությունը գործադրել ամենադաժան երևույթը հանդիսացող պատերազմի պայմաններում. Վիգեն Սարգսյան
Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ երբ կարիքը կա, դուք բոլորդ համախմբվում եք, Հիպրոկատի երդումը դառնում է Հայոց բանակի սպայի երդում: Այս մասին այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին, որի ժամանակ շրջանավարտները Հիպոկրատի երդում տվեցին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարն ասաց, որ տպավորված է այն կերպարանափոխմամբ, որ տեղի է ունենում բոլորի աչքի առջև. «Խոսքը ոչ թե պարզապես միջոցառման գեղեցիկ կազմակերպման մասին է, այլ բովանդակային, գաղափարական վերաիմաստավորման»:
Գտնվելով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի բակում, որտեղ անցկացվում էր երդման արարողությունը, նախարարը խոսեց նաև հենց այս շենքում կառուցվող «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնի մասին, որտեղ վիրավորներին, հաշվանդամություն ունեցող զինվորական ծառայողներին ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր, լուծվելու է նրանց զբաղվածության հարցը:
Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտորին՝ հայաստանյան բժշկության համար կոթողային շենքում վիրավոր զինվորների վերականգնման կենտրոն բացելու համար:
«Սա մեկ օրինակն է, թե ինչպես բոլորս միասին պետք է լուծենք այն խնդիրները, որոնք թելադրվել են մեզ անկախության առաջին օրվանից, որոնք մի կողմից բարդություն են, մյուս կողմից՝ պետությունն ու պետականությունը կոփող կարևոր մի գործընթաց»,- ասաց նա:
Նախարարը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին, բայց առանձնացրեց Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ կուրսանտներին: «Ուզում եմ հատուկ խոսքս ուղել նրանց, ոչ միայն նրա համար, որ Հիպոկրատի երդումից բացի մի քանի օր անց տալու են նաև հայոց բանակի սպայի երդում, այլ որովհետև իրենց ծառայությունը որոշ առումով տարբերվում է:
Իրենք ավելի մեծ պարտականություն ունեն, որովհետև դիմող զինծառայողները իրենց չեն ընտրելու, ի տարբերություն նրանց, ովքեր աշխատելու են քաղաքացիական բուժհաստատություններում, ում ընտրելու են՝ որոշելու են գան ձեզ մոտ, թե գնան ձեր գործընկերների մոտ: Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները դառնալու են բժշկական օգնության կարիք ունեցող զինվորի միակ ու առաջին հասցեն ու նրանց աշխատանքից է կախված լինելու, թե որքան արագ կապաքինվեն մեր զինվորները, սպաները»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը խոսեց ևս մեկ տարբերության մասին, ասաց, որ ամենալուսավոր, ամենամարդասիրական, ամենապատվաբեր մասնագիտությունը նրանք ստիպված են լինելու գործադրել մարդկության պատմության ամենադաժան, ամենատգեղ, ամենատաղտկալի երևույթը հանդիսացող պատերազմի պայմաններում:
«Այս հակասության մեջ նաև իրենց մասնագիտության բացառիկությունն է, որովհետև նրանք լույս են սփռում մի տեղ, որտեղ տիրում է կործանման Աստվածը, նրանցից է կախված ոսկե ժամը, երբ վիրավորում ստացած զինվորի կյանքը պետք է փրկել: Բայց ես մեծ տարբերություն չեմ դնում, որովհետև, ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, քաղաքացիական բժիշկ և ռազմական բժիշկ գոյություն ունի միայն խաղաղ պայմաններում: Երբ կարիքը գալիս է, դուք բոլորս համախմբվում եք, Հիպրոկատի երդումը դառնում է Հայոց բանակի սպայի երդում»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:










