Ադրբեջանը շարունակում է զենք–զինամթերք գնել և դա որպես շանտաժ օգտագործել բանակցային գործընթացում. Սուրեն Զոլյան (տեսանյութ)

12:10 • 13.07.17

Ավելի ազնիվ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը հրաժարվեին բանակցություններից: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Նա նշեց, թե չի հասկանում՝ ինչո՞ւ է Հայաստանը բանակցում, հանդիպում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, երբ հայտարարում է, որ որևէ փոխզիջում չի անելու:

«Կողմերը ուզում են ցույց տալ, որը մեծահոգի են, գնում են բանակցելու, բայց դրանից օգուտ չկա: Կարող են ամեն օր հանդիպել, արդյունք չի լինելու, որովհետև քննարկման թեմա չկա, շատ ավելի ազնիվ կլիներ, որ հրաժարվեին բանակցություններից, մինչև չհասունանային առաջարկները»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի գործելաոճը շատ տրամաբանական է ու կանխատեսելի: «Նրանք կարող են իրենց թույլ տալ փակել ԵԱՀԿ գրասենյակը, ԵԱՀԿ-ն իրենց համար «նաչալնիկ» չէ: Տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, նրանք սպասում են, որ Հայաստանը վերանա քաղաքական ամբիոնից, ի վիճակի չլինի հանդես գալ որպես սուբյեկտ՝ ժողովրդագրական, տնտեսական և այլ պատճառներով»,- ասաց Սուրեն Զոլյանը:

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանին չեն անհանգստացնում, որովհետև մարդկային կյանքն իրենց համար մեծ արժեք չունի՝ զոհվում են փոքրամասնությունները,  վտանգված խավերի ներկայացուցիչները:

«Մեր պատժիչ գործողություններն իրենց նպատակին հասնել չեն կարող, իսկ Ադրբեջանը դրա համար շարունակելու է լարվածություն ստեղծել: Մենք էլ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, ոչ թե անարգանքի սյունին գամենք Ալիևին: Հայաստանից մինչ այդ խիստ հայտարարություններ եղել են, գեներալներ կային, ասում էին, թե գնում ենք Բաքու թեյ խմենք, բայց գեներալները պետք է գործեն, ոչ թե խոսեն»,-  շեշտեց Սուրեն Զոլյանը:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին, քաղաքագետն ասաց, որ դա ևս տեղավորվում է Ադրբեջանի հեռահար ռազմավարության մեջ: «Նրանք այնպիսի սպառազինության ռեսուրս են փորձում ստեղծել, որ ի վիճակի լինեն խոցել Հայաստանը: Նրանք պատրաստվում են հարվածներ հասցնել և սա օգտագործելու են որպես շանտաժ՝ բանակցություններում»,- շեշտեց Սուրեն Զոլյանը:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը մտադրված է սպառազինության գնումն օգտագործել բանակցություններում այնպես, որ Հայաստանը զիջի իր դիրքերը կամ բանակցություններով հանձնի Արցախը:

«Ադրբեջանը հիմա պահանջում է, որ Ղարաբաղից դուրս գան հայկական զորքերը: Վերջին 5 տարիներին նման հայտարարություն ես Ադրբեջանից չեմ լսել: Ադրբեջանը պահանջում է, որ օկուպացիոն զորքերը դուրս գան Ղարաբաղից, Ստեփանակերտից: Խոսքը միայն հարակից 5 շրջանների մասին չէր, խոսքը հիմա ամբողջ Արցախի մասին է: Մինչ այս իրենք ասում էին, որ ԼՂԻՄ սահմաններից դուրս պիտի գան զորքերը, հիմա խոսքը ողջ ԼՂԻՄ-ի մասին է»,- եզրափակեց Զոլյանը: