Ջրառատում ՕՐՕ-ի անդամին կրակած ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

10:11 • 14.07.17

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ՕՐՕ դաշինքի և ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանի գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Ադամյանը դատավճիռ է կայացրել:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ,

Տիգրան Սարգսյանը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Տիգրան Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման 1  տարի ժամկետով:

Նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել  է մարտի 14-ից. մինչև հուլիսի 12-ը՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը և թողնել վերջինիս կրելու 8 ամիս ժամկետով ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Տիգրան Դավիթի Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի` սահմանվել է  փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Տիգրան Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է և նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1994թ. գարնանը մորեղբոր որդուց` Էդիկ Մուրադյանից ապօրինի ձեռք է բերել, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում գտնվող իրեն պատկանող հողատարածքում ապօրինի պահել, իսկ 2017թ. մարտի 14-ին ապօրինի կրել է ինքնաձիգ և նշված ինքնաձիգից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 25 հատ փամփուշտներ:

2017թ. մարտի 14-ին Տիգրան Սարգսյանը Ջրառատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նշված ինքնաձիգից արձակած կրակոցով դիտավորությամբ միջին ծանրության վնաս է պատճառել Հակոբ Մելքոնյանին: