Ռուսաստանը սպառնացել է երկրից վտարել ամերիկացի դիվանագետների մի մասին

19:01 • 14.07.17

Մոսկվան սպառնացել է Ռուսաստանից արտաքսել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության անձնակազմի մի մասին:

Ինչպես հաղորդում է DW.com-ը, այս հայտարարությունը պայմանավորված է ԱՄՆ մեկնելու համար ռուս դիվանագետներին վիզա չտրամադրելու, ինչպես նաև ԱՄՆ-ում կալանքի տակ առնված ռուսական դիվանագիտական սեփականությունը չվերադարձնելու Վաշինգտոնի որոշմամբ:

Պատասխան միջոցները կախված կլինեն ամերիկյան կողմի հստակ գործողություններից և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի միջև հուլիսի 17-ին Վաշինգտոնում կայանալիք խորհրդակցությունների արդյունքից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, Մոսկվայում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների թվաքանակը խիստ գերազանցում է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվին:

Հիշեցնենք, որ 2016-ի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը երկրից արտաքսել է 35 ռուս դիվանագետի` այդպիսվ արձագանքելով հաքերային հարձակումներին, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, իրականացրել էր Մոսկվան՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով: