Շիրխանյանի պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց. Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Դատական նիստն ընդմիջվել էր երկու ժամով հանրային պաշտպան ներգրավվելու որոշմամբ պայմանավորված: Բացի այդ, նախորդ դատական նիստին սայլակով դատարան բերվող ամբաստանյալ Վահան Շիրխանյանը ոտքի չկանգնելու համար դատական սանկցիայի էր ենթարկվել և երեք ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից:
Պաշտպանը պահանջեց նիստերի դահլիճ ներկայացնել Շիրխանյանին, սակայն դատավորն ասաց, որ ժամանակը չի լրացել: Հայկ Ալումյանը լքեց նիստերի դահլիճը, իսկ մեղադրող դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու համար:
Դատախազի ներկայացրած միջնորդությունը բավարարվեց.« Դատարանը փաստաբան Հայկ Ալումյանին պատասխանատվության ենթարկելու դիմումով կդիմի ՀՀ փաստաբանների պալատին»,-ասաց դատավորը:
Նիստի վերսկսումից հետո դատավորը չանդրադարձավ հանրային պաշտպան ներգրավելուն: Դատական նիստը հետաձգեց և նշանակվեց հուլիսի 21-ին:
Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:
Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է, ով նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը:










