Իշխանության զենքը չպետք է լինի իր թվաքանակը, իսկ ընդդիմության դերն էլ չպետք է լինի լեզվակռիվը, նեղը գցելը. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

17:43 • 14.07.17

ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը  Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովում բավականին ծանրաբեռնված աշխատանք է սպասվում, հաշվի առնելով,  որ ամենամեծ թվով նախագծերը կառավարությունից և պատգամավորներից հենց իրենց հանձնաժողովն է ստանում և այս պահին արդեն 20 նախագիծ կա:

«Մինչ այս պահը ամփոփել որևէ հանձնաժողովի աշխատանք, կարծում եմ, չի կարելի, վաղաժամ է գնահատական տալ: Հանձնաժողովը փոքրիկ մարմին է, որի անդամներն իրար պետք է ճանաչեն, ձևավորեն աշխատանքային մթնոլորտ, որը հնարավորություն կտա արդյունավետ աշախտել: Հանձնաժողովներում աշխատանքներն այլ են լինելու և, ըստ էության, մենք նախագծերի առաջին ընթերցումը լիագումար նիստերից տեղափոխել ենք հանձնաժողով և առարկայական քննարկումը նախագծի ավելի խորն է լինելու»,-ասաց նա:  

Նա նշեց, որ ըստ «Կանոնակարգ օրենքի» փոփոխության` յուրաքանչյուր պատգամավորի առաջարկություն առանձին քննարկվելու և քվեարկվելու է, ինչը դրական ազդեցություն է ունենալու, որպեսզի լիագումար նիստին լինի ավելի պատրաստված նախագիծ։

Հարցին, թե արդյոք այդ ծանրաբեռնվածությունից հանձնաժողովի աշխատանքը չի տուժում, քանի որ ընդդիմությունը հենց այդ մտահոգությունն էր մատնանշում, երբ պնդում էր, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը առանձին գործի, Հրայր Թովմասյանն ասաց, որ ծանրաբեռնվածությամբ հանդերձ բոլոր նախագծերը անձամբ կարդում, ծանոթանում է: Նա, ընդգծելով, որ աշխատել է նախարարությունում, աշխատակազմում, վստահեցրեց, որ ծանրաբեռնվածությունն էականորեն տարբերվում է:

«Վստահեցնում եմ, որ այդ առումով աշխատանքը չի տուժի և հիմա էլ եմ պնդում, որ կայացրած որոշումը ճիշտ էր»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե որ աշխատանքն է ավելի հոգեհարազատ համարում, արդարադատության նախկին նախարարն ասաց, որ կյանքի յուրաքանչյուր փուլում գտնում է իր համար հոգեհարազատ աշխատանք:

«Ընդհանրապես ցանկալի չէ նույն աշխատանքին վերադառնալը: Երբ դու մեծ քաղաքական թիմի անդամ ես, կարող ես նախասիրություններ ունենալ, բայց պետք է միշտ համակերպվես, որ տվյալ պահին, եթե կարող ես քո քաղաքական թիմի համար ամենաարդյունավետը կատարել այդ աշխատանքը, ապա եթե նույնիսկ հոգեհարազատ է, թե ոչ, պետք  է այդ աշխատանքը կատարես: Դու միշտ պետք է հաշվի առնես, որ մեծ համակարգի մի օղակ ես, էլեմենտ ես, և պետք է այնպես անես, որ համակարգն աշխատի»,-ասաց նա:

Անդրադառնալով հանձնաժողովում ընդդիմության հետ աշխատանքին, Հրայր Թովմասյանն ասաց, որ հանձնաժողովի ընդդիմադիր ներկայացուցիչներն իր ընկերներն ու բարեկամներն են: «Քիչ առաջ իմ աշխատասենյակ եկավ ընդդիմադիր անդամներից մեկը և, երևի թե, փոքրիկ մեր զրույցից զգացիք, որ այդտեղ ընդդիմադիրի և իշխանության ներկայացուցչի զրույց չէր, այլ բարեկամական զրույց էր: Դա խոսում է այն մասին, որ քաղաքական տարբեր հայացքները մեզ իրարից չեն հեռացնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իրական և ոչ իրական ընդդիմության որակումների շրջանառությանը, ապա հանձնաժողովի նախագահն ասաց.«Մոռացեք, այն իրավիճակը, որ քաղաքական «իրական» ընդդիմությունը նրանք են, որ իշխանությանը միայն պետք է «հայհոյեն», կամ միայն դեմ քվեարկեն, դա միգուցե անցած քաղաքական մշակույթին և իրականությանը բնորոշ էր: Միայն մուրճով չպետք է պայքարել և ինչին տեսնել խփել»:

Նա նկատեց, որ, երբեմն, ընդդիմության և իշխանության ասածները համընկնում են: «Երբեմն կոնսենսուսը համարում են փոխզիջումը, ինչի հետ ես համաձայն չեմ: Այսինքն, եթե մեկն ասում է` արևը դուրս է գալիս արևմուտքից, մյուսն ասում է` արևմուտքից, դրանց կոնսենսուսն այն չէ, որ արևը դուրս է գալիս հարավից կամ հյուսից, կան դեպքեր, երբ լուծումը մեկն է: Իշխանության զենքը չպետք է լինի իր թվաքանակը, իր մեծամասնություն ունենալը, մեծամասնության զենքը պետք է նաև լինի դիմացինին համոզելը, հիմնավորելը, քաղաքական ընդդիմության դերն էլ չպետք է լինի լեզվակռիվը, սրամտությունը, նեղը գցելը»,-ասաց նա: