Հասանովը մանիպուլյացիա է անում, Ադրբեջանում չկա այդպիսի զենք, որ խոցի «Իսկանդերը». վերլուծաբան (տեսանյութ)
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Զաքիր Հասանովը մանիպուլյացիա է անում՝ ասելով թե իրենք կարող են խոցել հայկական «Իսկանդեր» համալիրները. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» լրատվական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: «Նախ Ադրբեջանը պետք է տեղը հայտնաբերի, երկրորդ՝ պետք է նման հեռահարության հրթիռներ ունենա, և երրորդ՝ Հայաստան Հանրապետությունում կանգնած տեխնիկան ոչնչացնելը միջազգային իրավունքի տեսանկյունից նշանակում է բացահայտ ագրեսիվ հարձակողական գործողություն»,- նշեց նա: Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին Ադրբեջանում առկա սպառազինությունում չկա այնպիսի մարտավարատեխնիկական բնութագիր ունեցող զենք, որ կարողանա օդում չեզոքացնել «Իսկանդերը»:
-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է, որ երկրի զինված ուժերն ունի հակահրթիռային զենք, որը «կարող է կործանել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համալիրների հրթիռները»: Որքանո՞վ է այս հայտարարությունն իրատեսական:
-Սա առաջին նման հայտարարությունը չէ Զաքիր Հասանովի կողմից: Նա պարբերաբար ներքին լսարանի համար հայտարարում է նման բաներ: Հիմնական հրթիռային տեխնիկան, որ Ադրբեջանի զինված ուժերում այսօր կա, որ մենք գիտենք դրանց գոյության մասին, դրանք ռուսաստանյան արտադրության են: Ունեն հրթիռային տեխնիկա նաև Իսրայելից, որոնք կարող են խոցել առավելագույնը մինչև 80 կմ հեռավորության վրա տեղակայված խոշոր օբյեկտներ: «Իսկանդերը» տեղում ոչնչացնելու հայտարարությանը ես լուրջ չէի վերաբերվի, որովհետև նախ իրենք պետք է տեղը հայտնաբերեն, երկրորդ՝ պետք է նման հեռահարության հրթիռներ ունենան, և երրորդ՝ Հայաստան Հանրապետությունում կանգնած տեխնիկան ոչնչացնելը նշանակում է բացահայտ ագրեսիվ հարձակողական գործողություն՝ միջազգային իրավունքի տեսանկյունից: Ինչ վերաբերում է «Իսկանդերի» հրթիռները օդում ոչնչացնելուն, ապա այս պահին Ադրբեջանում առկա սպառազինությունը այն մարտավարատեխնիկական բնութագրերը չունի, որ իրենք կարողանան օդում չեզոքացնել: Հասանովը դիմում է մանիպուլյացիայի, խաբում է, և սա ես ավելի շատ կդիտարկեի հասարակության հանգստացնելու կամ ոգևորելու քարոզչական ուղերձ:
- Հասանովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ունի 50 անգամ ավելի հրթիռներ, և Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման դեպքում ուժեղ հակահարված կհասցնի ենթակառուցվածքներին և ռազմական նշանակակետերին: Այս հայտարարությունը ինչի՞ համար է արվում և ո՞ւմ է ուղղված:
-Առհասարակ, ես պատկերացնում եմ, որ պաշտպանության նախարարը ավելի կետային և թիրախային խոսի, ոչ թե այնպես, ինչպես փողոցում նստած մարդիկ կխոսեն, որ ունեն 100 անգամ ավելի հրթիռ և այլն: Այսինքն, ինչ-որ ինֆորմացիա, և տեղեկատվություն չկա, որը կարող ենք նաև քննության ենթարկել: Նախ ինչպե՞ս է նա չափել, որ 50 կամ 40 անգամ շատ հրթիռ ունեն: Երկրորդ՝ հայկական կողմը հայտարարել է, որ «Իսկանդեր» կկիրառվի, եթե Ադրբեջանը գնա բացահայտ հարձակողական գործողությունների, և դա կլինի զսպման գործիք: Եվ բնականաբար, քանի որ իրենք նման զինատեսակի չեն տիրապետում, այն պետք է փոխարինեն քարոզչական դաշտում ինչ-որ 50 անգամ ավելի հրթիռ ունենալու հայտարարություններով: Սրանք ավելի շատ սեփական ժողովրդին հանգստացնելու հայտարարություններ են: Եթե նկատենք, և՛ Զաքիր Հասանովը, և՛ Իլհամ Ալիևը պարբերաբար նույն հայտարարություններն անում են, բայց նման գործողությունների իրենք չեն գնում: Սոցիալական ցանցերից երևում է, որ Ադրբեջանի հասարակությունը հուսախաբ է լինում նաև, որովհետև իրենք օգտագործում են արցախյան հիմնախնդիրը ներքին խնդիրներ լուծելու համար: Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ մի օրում կգրավի Արցախը, բայց նման գործողությունների չեն գնում՝ շատ լավ հասկանալով, որ դա միայն իրենցից չէ կախված:
-Այդ դեպքում, եթե Ադրբեջանը չի գնալու լայնամասշտաբ գործողությունների, ինչո՞ւ է շարունակում մեծ քանակությամբ զինամթերք ձեռքբերել: Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանի հետ սպառազինության մատակարարման վերջին պայմանագիրը մոտ 5 մլրդ դոլար է կազմել: Բացի անընդհատ զինվելը, Ադրբեջանը նաև ռազմաարդյունաբերական նոր արտադրամասեր է բացում:
-Ես ոչ թե խոսում եմ ընդհանուր հեռանկարի մասին՝ կգնան պատերազմի, թե ոչ, այլ հենց այս իրավիճակում: Իսկ առհասարակ, այո՛, իրենք շարունակում են զինվել և բավականին մեծ տեմպերով, ինչին մենք պետք է ուշիուշով հետևենք և մենք էլ համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք: Այսօր Ադրբեջանի քաղաքականության հիմքում ագրեսիվ քաղաքականությունն է, չենք կարող բացառել, որ մի օր լայնամասշտաբ գործողությունների կգնան: Մյուս կողմից, այդ սպառազինումը նաև քարոզչական բնույթ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում:










