ԱՄՆ-ում դատավորն ընդլայնել է Թրամփի միգրացիոն հրամանագրով մերձավոր բարեկամներ համարվող մարդկանց ցանկը
Հոնոլուլուի շրջանային դատավոր Դերիկ Ուոթսոնը բավարարել է ամերիկյան Հավայի նահանգի խնդրագիրը և հանել է որոշ մարդկանց 6 երկրի քաղաքացիների մուտքը սահմանափակող միգրացիայի մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունից, հայտնում է Reuters գործակալությունը:
Ուոթսոնի հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ում տատիկի կամ պապիկի, թոռան, զարմիկի կամ զարմուհու, ոչ հարազատ եղբայրների և քույրերի առկայությունը բավականաչափ պայման է երկիր մուտք գործելու համար:
Հոնոլուլուի շրջանային դատավոր Դերիք Ուոթսոնն իր որոշմամբ ընտանեկան կապերի այդ կատեգորիաներն ընդգրկել է այն կատեգորիաների թվում, որոնք բավարար են ԱՄՆ մուտքի հավակնելու համար՝ դա բացատրելով «ողջամտությամբ»:
Ավելի վաղ Ուոթսոնը մերժել էր Հավայի նահանգի՝ իմաստով համանման միջնորդությունն ընթացակարգային հակասությունների համար: Անցած շաբաթ խնդրագիրը ներկայացվել էր ուղղված ձևով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Հավայի նահանգը խնդրել էր Հոնոլուլուի դաշնային դատավորին պարզաբանել ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը, որը մասամբ թույլ է տվել ուժի մեջ մտցնել առավելապես մահմեդական բնակչությամբ 6 երկրի քաղաքացիների մուտքի արգելքի մասին երկրի նախագահի հրամանագիրը:
Դատական հայցում նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը խախտում է Գերագույն դատարանի հրահանգները՝ սխալ կերպով բացառելով մարդկանց, ովքեր իրականում սերտ ընտանեկան կապեր ունեն ԱՄՆ-ում բնակվող մարդկանց հետ:
Ինչպես նշված է հայցում, Թրամփի վարչակազմի հրապարակած ուղեցույցը չափազանց նեղ է ընկալում, թե որ ընտանեկան կապերը թույլ կտան այդ երկրների քաղաքացիներին ԱՄՆ այցելել:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Թրամփի վարչակազմը հաստատել է առավելապես մահմեդական բնակչությամբ վեց երկրի քաղաքացիներին և բոլոր փախստականներին վիզաների տրամադրմանը վերաբերող նոր պահանջները, որոնց համաձայն այդ երկրի քաղաքացիներից կպահանջվի ապացուցել ընտանիքի մերձավոր անդամների կամ բիզնես կապերի առկայությունը Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ դեսպանատներ և հյուպատոսություններ ուղարկված նոր չափորոշիչների համաձայն՝ վեց երկրից դիմումատուները պետք է ապացուցեին, որ իրենց մերձավոր բարեկամները՝ ծնողները, ամուսինները, նշանածները, երեխաները, փեսան կամ հարսը, եղբայրները կամ քույրերն ապրում են ԱՄՆ-ում: Նշվում էր, որ տատիկներն ու պապիկները, թոռները, մորաքույրերն ու քեռիները, զարմիկները, ոչ հարազատ եղբայրները, նշանածները չեն համարվում մերձավոր բարեկամ:
Թրամփը մարտի 6-ին ստորագրել է նոր հրամանագիր, որն ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանում հիմնականում մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:










