Հուրգադայում տեղի ունեցած զինված հարձակման դեպքը, որի հետևանքով նաև ՀՀ քաղաքացիներ են տուժել, Եգիպտոսում «եզակի դեպք» են որակել (լուսանկարներ)
Եգիպտոսի Կարմիր ծով նահանգի նահանգապետ Ահմեդ Աբդալլան հայտարարել է, որ նախօրեին երեկոյան տեղի ունեցած զինված հարձակումը «եզակի դեպք» է, իսկ անվտանգության ուժերը նման իրավիճակում գործել են օպերատիվ, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին դանակով զինված անձը հարձակում է իրականացրել զբոսաշրջիկների վրա: Միջադեպի հետևանքով Գերմանիայի երկու քաղաքացուհի զոհվել է: Բացի այդ, 4 զբոսաշրջիկ վիրավորվել է: Տուժածների թվում եղել են նաև ՀՀ քաղաքացիներ:
Նշվում է, որ ոստիկանությունը հրահանգ է ստացել ստուգել բոլոր բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր չեն աշխատում, բայց բնակվում են Հուրգադայում:
Հանցագործության համար կասկածվում է 27-ամյա Աբդուրահման Շաաբան Աբդուրահման Բադավին, որն ըստ ունեցած փաստաթղթերի՝ ուսանող է: Նա ձերբակալվել է։
Ինչպես իր թվիթերյան էջում հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` վկայակոչելով Եգիպտոսում ՀՀ դեսպանության տվյալները, վիրավորներից երկուսը ՀՀ քաղաքացիներ են: Ըստ նրա՝ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։
«Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»,- հավելել էր նա:














